Ինչպե՞ս է ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի, մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամը հայտնվել Արսեն Թորոսյանի վերահսկողության ներքո

Ինչպե՞ս է ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի, մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամը հայտնվել Արսեն Թորոսյանի վերահսկողության ներքո

Ս.թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ առողջապահության նախարարության պատվիրակությունը յոթ օրով մեկնել էր Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի կողմից կազմակերպված տուբերկուլոզի և ոչ վարակիչ հիվանդությունների հարցերին վերաբերող Համաշխարհային գագաթնաժողովին։ Նախար Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը Միացյալ Նահանգներում էր ճիշտ այն օրերին, երբ այնտեղ էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հանրության ուշադրությունը գրավել էր այն փաստը, որ Նյու Յորքում գտնվելու ընթացքում ՀՀ երկու երիտասարդ նախարարներ՝ Արսեն Թորոսյանն ու Լիլիթ Մակունցը երեկոն զվարճանքի կենտրոնում են անցկացրել, որի տեսանյութը մեծ տարածում գտավ համացանցում։

Մինչդեռ բուն գործուղման ընթացքում ձեռք բերված արդյունքների մասին տեղեկություններն այդպես էլ ստվերված մնացին։ Այս առնչությամբ Times.am-ը մի քանի հարց է ուղղել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին։

«Գագաթնաժողովն ինչպես առողջապահական, այնպես էլ սոցիալական առումներով համաշխարհային խնդիր համարվող հիվանդության՝ տուբերկուլոզի դեմ պայքարի գործում Հայաստանի ձեռքբերումները ներկայացնելու, այլ երկրների հետ գործակցության նոր հնարավորությունների ու աշխարհի ամենաբարձր ամբիոնից խնդիրները հնչեցնելու հիանալի առիթ էր։ Հայաստանը չի կարող անմասն մնալ համաշխարհային գործընթացներից, չօգտագործել համաշխարհային հեղինակավոր հարթակն ինչպես այս, այնպես էլ մեր երկրում և Եվրոպայում մահվան թիվ առաջին պատճառներից մեկը հանդիսացող ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, առողջապահության ոլորտի կառավարման ու շատ այլ խնդիրներ բարձրաձայնելու, երկրների, հեղինակավոր մասնագետների կարծիքներն ու առաջարկները լսելու և դրանք արդյունավետ կիրառելու եղանակներին ծանոթանալու հնարավորությունները», – նշված է առողջապահության նախարարությունից Times.am-ին ուղարկված պատասխան նամակում։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչպիսի՞ն են ՄԱԿ-ում ԱՆ պատվիրակության մասնակցությամբ համաժողովի կոնկրետ արդյունքները, գերատեսչության ներկայացուցիչները նշել են.

«Նման միջոցառումների կոնկրետ արդյունքներն ակնհայտ են դառնում վերը նշված բոլոր ուղղություններով Հայաստանի շարունակական քայլերով, ծրագրերով, ընթացիկ ձեռքբերումներով, գործակցության նոր հնարավորություններով: Իսկ Հայաստանի ունեցած արդյունքները բարձր են գնահատվել նաև ՄԱԿ-ի բարձր ամբիոնից։ Մեր երկիրն օրինակելի ձեռքբերումներ ունի առողջապահական ու սոցիալական նշանակություն ունեցող մի շարք հիվանդությունների՝ տուբերկուլոզի, մալարիայի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, պոլիոմիելիտի և շատ այլ հիվանդությունների դեմ պայքարում, ինչը հաճախ համեմատելի չեն դարձնում մեր խնդիրներն աշխարհի բազմաթիվ այլ երկրների խնդիրների հետ։ Ինչպես նշվեց վերևում` տուբերկուլոզի գագաթնաժողովը նման առաջին գագաթնաժողովն էր առհասարակ, և դա ընդգծում է վերջինիս մեր մասնակցության անհրաժեշտությունն ու կարևորությունը»։

Առողջապահության նախարարությունից մեզ տեղեկացրին նաև, որ գործուղման ծախսերի վճարումն ամբողջովին ստանձնել էր ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի, մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամը։ Այս մասին ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու նպատակով Times.am-ը դիմել է նաև Գլոբալ հիմնադրամի` Հայաստանում աշխատանքների համակարգող Հասմիկ Հարությունյանին։ Բայց, ի զարմանս մեզ, տիկին Հարությունյանը մեր հարցումը վերահասցեավորել է առողջապահության նախարարություն՝ խնդրելով տեղադրել այն էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության «Mulberry» համակարգում։ Իսկ ահա նախարարության քարտուղարությունից մեզ տեղեկացրին, որ հարցմանն ընթացք տալու համար անհրաժեշտ է ուղարկել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին ուղղված ստորագրված դիմում: Ստացվում է՝ նախարար Թորոսյանը անձնական վերահսկում է սահմանել նաև Հայաստանում գործող հեղինակավոր միջազգային հիմնադրամի գործունեության հանդեպ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում