Թրամփը կարող է դադարեցնել Բաքվին օգնության տրամադրումն արգելող 907-րդ լրացման գործողությունը. Բոլթոն

Թրամփը կարող է դադարեցնել Բաքվին օգնության տրամադրումն արգելող 907-րդ լրացման գործողությունը. Բոլթոն

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը չի բացառել, որ նախագահը կարող է իր լիազորություններն օգտագործել Ազատության աջակցման ակտին 907-րդ լրացման գործողությունը դադարեցնելու համար:

Ինչպես նշում է tass.ru-ն, Բոլթոնն այս մասին ասել է «Ամերիկայի ձայնը» հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում:

Հայտնի է, որ Ազատության աջակցման ակտին արված լրացումը սահմանափակում է ԱՄՆ-ի կողմից պետական մակարդակով Ադրբեջանին օգնության տրամադրումը:

«Լրացումը հաստատվել է Կոնգրեսի կողմից: Իշխանության գործադիր ճյուղը միշտ չէ, որ նույն քաղաքական գիծն է ունենում, և մեր Սահմանադրության համաձայն՝ իրականում հենց նախագահն է որոշում երկրի արտաքին քաղաքական գիծը»,-ասել է Բոլթոնը:

Թրամփի խորհրդականը հավելել է, որ նախկինում եղել են բազմաթիվ դեպքեր, երբ նախագահները հարկ եղած ժամանակ դադարեցրել են լրացման գործողությունը:

Հայտնի է, որ լրացումը Կոնգրեսի կողմից ընդունվել է 1992թ. ու ամերիկյան վարչակազմին արգելում է պետական մակարդակով օգնություն տրամադրել Բաքվին՝ հաշվի առնելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությունը: Տարիներ շարունակ ադրբեջանական դիվանագիտությունը փորձում է այնպես անլ, որ 907-րդ լրացումը չեղարկվի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում