Աջ ղեկով ավտոմեքենաները կարող են ներկրվել որպես պահեստամաս. Հակոբ Արշակյան

Աջ ղեկով ավտոմեքենաները կարող են ներկրվել որպես պահեստամաս. Հակոբ Արշակյան

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրենքն արգելում է աջ ղեկով մեքենաների ներկրումը որպես տրանսպորտային միջոց, բայց կարող են դրանք որպես պահեստամաս ներկրել: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը:

«Վաղը այս հարցով տեղի են ունենալու քննարկումներ, ու կարծում եմ՝ դա շարունակական բնույթ կկրի։ Քննարկումներին հրավիրվելու են պետական գերատեսչությունները, ՀԿ-ները, ինչպես նաև այդ մեքենաների առևտրով զբաղվող մարդիկ», – «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Հակոբ Արշակյանը՝ ընդգծելով, որ Հայաստանի երթևեկությունը հարմարեցված ու նախատեսված է ձախակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների համար։

«Որպես տրանսպորտի նախարար՝ ես ասում եմ՝ ՀՀ տրանսպորտային համակարգը նախատեսված է ձախ ղեկ ունեցող տրասնպորտային միջոցների համար, և հստակ է՝ օրենքն արգելում է աջակողմյան մեքենաների ներմուծումը որպես տրանսպորտային միջոց», – ասաց Հակոբ Արշակյանը։

Դիտարկմանը՝ հնարավո՞ր է աջ ղեկով մեքենաներ ներկրել ոչ որպես տրանսպորտային միջոց, նախարարը դրական պատասխան տվեց: «Այո՛, դրանք կարող են բերել որպես պահեստամաս»,- ասաց նա։

2018 թ. հունվարի 18-ին կառավարության որոշմամբ արգելվեց աջ ղեկով մեքենաների ներմուծումը: Սկզբում հայտարարվել էր, որ այս օրենքն ընդունվել է ժամանակավոր՝ մինչև հոկտեմբերի 1-ը, և վարորդներն արդեն գնել էին մեքենաներ, որ հոկտեմբերի 1-ից հետո արդեն աջ ղեկով մեքենաները ներկրեին Հայաստան։

Այժմ մոտ 150 մեքենա կանգնած է սահմանում, իսկ ավելի քան 2000 նոր գնված մեքենաներ Վրաստանում են: Աջ ղեկով մեքենաների ներկրմամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչները, անհատները բողոքի ակցիա էին իրականացրել Բագրատաշենի անցակետում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում