Նռնակով կառավարության շենք մուտք գործած տղամարդը ահազանգել է ԱԻՆ 911 ծառայությանը

Նռնակով կառավարության շենք մուտք գործած տղամարդը ահազանգել է ԱԻՆ 911 ծառայությանը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտակարգ իրավիճակների նախարարությունից նոր մանրամասներ են փոխանցել կառավարության շենքում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Սաթենիկ Ասիլյանը, ժամը 18:36-ին ԱԻՆ 911 ծառայությունն ահազանգ է ստացել քաղաքացու կողմից, որ ինքը կառավարության շենքի մոտ է, ձեռքին կա նռնակ և պատրաստվում է օգտագործել այն:

«Նախարարությունից մեկնել է մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ արձագանքման խումբը, զանգը փոխանցվել է ՀՀ ԱԱԾ-ին և ոստիկանությանը: Երբ ԱԻՆ աշխատակիցները դեպքի վայր են հասել, կառավարությունում աշխատող մեր գործընկերները՝ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները քաղաքացու հետ խոսելուց են եղել և ասել են, որ ԱԻՆ-ի օգնության կարիքը չկա, ինչից հետո ԱԻՆ աշխատակիցները հետ են վերադարձել»,- մանրամասնեց Սաթենիկ Ասիլյանը:

Հարցին, միջադեպի հետևանքով տուժածներ կա՞ն, նա պատասխանեց. «Չունեմ այդպիսի տեղեկատվություն, որ տուժածներ կան»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում