Ինդոնեզիայի փրկարարները Boeing-ի ստորջրյա որոնումներ են սկսել 35 մետր խորության վրա. Detik

Ինդոնեզիայի փրկարարները Boeing-ի ստորջրյա որոնումներ են սկսել 35 մետր խորության վրա. Detik

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինդոնեզիայի փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ձեռնամուխ են եղել Lion Air ավիաընկերության ինքնաթիռի որոնումներին, որն աղետի է ենթարկվել Ճավա կղզու ափի մերձակայքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 29-ին հայտնել է Detik լրատվական պորտալը: «Ապարատները խորասուզվում են մոտավորապես 30-35 մետր, որտեղ, ինչպես ենթադրվում է, կարող է գտնվել ինքնաթիռը»,- նշել են Որոնման եւ փրկման ազգային գործակալությունում:

Boeing-737-ի կործանման վայրը Ճավայի ծովում է՝ երկրի խոշորագույն կղզու՝ Ճավայի արեւմտյան ափի մերձակայքում: Ինչպես հայտնել է գործակալության ներկայացուցիչը, ինքնաթիռի կործանումից հետո փրկվածներ չկան: Օդանավն աղետի է ենթարկվել Ջակարտայի օդանավակայանից մեկնելուց 13 րոպե անց: Օդանավի բեկորներն ու ուղեւորների անձնական իրերը հայտնաբերվել են Ճավայի ծովում:

Ինքնաթիռը JT610 չվերթն էր իրականացնում դեպի Պանկալպինանգ քաղաք: Ըստ վերջին տվյալների, օդանավում եղել է 188 մարդ, այդ թվում՝ անձնակազմի յոթ անդամները: Lion Air ավիաընկերությունը Ինդոնեզիայի խոշորագույն բյուջետային փոխադրողն է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում