ՌԴ ԱԳՆ-ն պաշտոնապես արձագանքել է Երևանում Բոլտոնի հնչեցրած խոսքերին

ՌԴ ԱԳՆ-ն պաշտոնապես արձագանքել է Երևանում Բոլտոնի հնչեցրած խոսքերին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Ռուսաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնի խոսքերը Երևան կատարած այցի ժամանակ անվանել է անպատշաճ, հայտնում է Ria-ն ու հավելում, որ Հայաստանում Բոլտոնը կոչ էր արել հրաժարվել Մոսկվայի հետ բարեկամությունից ու գովազդել էր ամերիկյան զենքերը։

ՌԴ ԱԳՆ-ն Բոլտոնի խոսքերը համեմատել է ավելի վաղ Երևանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարության հետ, որում դիվանագետը խոսել էր Վաշինգտոնի կողմից Հայաստանում որոշակի խմբերին շարունակական աջակցության տրամադրման մասին։ Նա նաև խոստացել էր երկրին տրամադրել 26մլն դոլար՝ «քաղաքացիական հասարակության ու ԶԼՄ-ների ամրապնդման համար»։

«Թվում էր, սրանից ավել անպատշաճ քայլ, որը չի տարբերվում ներքին գործերին ուղղակի միջամտությունից, այլևս չկա։ Պարզվեց, այդպես չէ»,-նշել է ՌԴ ԱԳՆ-ն։

Նշվում է, որ Բոլտոնը «պահանջել է, որ Հայաստանը հրաժարվի «պատմական կլիշեներից» իր միջազգային հարաբերություններում», առանձնապես չթաքցնելով, որ խոսքը գնում է Ռուսաստանի հետ ավանդական բարեկամության մասին։

«Նա նաև հայտարարել է, որ Փաշինյանից խորհրդարանական ընտրություններից հետո ակնկալում է երկրում նախաձեռնողական քայլեր՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Բնականաբար, չի մոռացել գովազդել ամերիկյան զենքը, որը Հայաստանը պետք է ձեռք բերի ռուսականի փոխարեն»,-հայտարարել է ՌԴ ԱՆԳՆ-ն։

«Այնուամենայնիվ, Երևանում հնչեցրած Ջոն Բոլտոնի ոչ բոլոր հայտարարություններն են արժանի քննադատության։ Հիանալի միտք է հնչել «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում հոկտեմբերի 25-ին․ «Հայաստանի համար իսկապես հիմնարար է ամբողջովին դառնալ ինքնիշխան, և ոչ թե կախված կամ ենթակա արտաքին ազդեցությունից»։ Լավ կլիներ Ջոն Բոլտոնը մտածեր իր սեփական խոսքերի մասին»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում