Ջոն Բոլթոնի տարածաշրջանային այցի թիրախն Ադրբեջանն էր. քաղաքագետ

Ջոն Բոլթոնի տարածաշրջանային այցի թիրախն Ադրբեջանն էր. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տարածաշրջան կատարած այցի թիրախն Ադրբեջանն էր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում այսպիսի կարծիք հայտնեց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

«Ջոն Բոլթոնի տարածաշրջան կատարած այցի հիմնական թիրախն Ադրբեջանն էր, որովհետև, ըստ էության, Վրաստանի պարագայում ամեն ինչ հստակ է, Հայաստանի նկատմամբ ԱՄՆ նոր վարչակազմը դեռևս հստակ դիրքորոշում չունի, իսկ Ադրբեջանի հետ կապված Միացյալ Նահանգները ծրագրեր ունեն հատկապես Իրանի վրա ճնշումներ գործադրելու տեսանկյունից»,– ասաց Սաֆրաստյանը:

Քաղաքագետի խոսքով` ԱՄՆ-ն փորձելու է Ադրբեջանի միջոցով սահմանափակել Իրանի հնարավորությունները:

«Կարծում եմ, Բոլթոնի այցի ընթացքում ԱՄՆ-ն Ադրբեջանի վրա ճնշումներ է գործադրել, որպեսզի վերջինիս միջոցով սահմանափակի Իրանի հնարավորությունները, քանի որ Ադրբեջանը Իրանի հետ ռազմավարական ծրագրեր է իրականացնում»,- նշեց քաղաքագետը:

Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով` Ամերիկայի Միացյալ Նահանգները նույն քաղաքականությունը չի վարի Հայաստանի պարագայում, որովհետև Հայաստանի ու Իրանի հարաբերություններն ԱՄՆ-ին այդքան էլ չեն հետաքրքրում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում