Նախատեսվում է գյուղմթերքի ծավալներն ավելացնել 16%-ով

Նախատեսվում է գյուղմթերքի ծավալներն ավելացնել 16%-ով

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը նախատեսում է գյուղմթերքի ծավաները մինչև 2021 թվականն ավելացնել 16%-ով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՀՀ Ագզային ժողովի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը:

«Նախատեսված է պտուղ-բանջարեղենի և խաղողի վերամշակումից ստացված արտադրանքի ծավալների 4% աճ՝ 2021 թիրախային ժամկետում: Գյուղատնտեսական մթերքների ծավալների 16% ավելացում՝ 2020 թվականի թիրախային ժամկետում: Օգտագործվող վարելահողերի ավելացումը 66,1-ի փոխարեն 75% թիրախային ցուցանիշ 2020 թվականի թիրախային ժամկետում: Տոհմային կենդանիների տեսակարար կշիռն այսօր 0.5% է, փորձելու ենք հասցնել 2%-ի 2025 թվականին»,- ասաց Գևորգյանը:

Գյուղատնտեսության նախարարությանը 2019 թ. պետական բյուջեից կտրվի 17.3 մլրդ դրամ, որից 5.8 մլրդ դրամը՝ արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի շրջանակում: Նախարարի պաշտոնակատարը նշեց, թե որոնք են բյուջեի նախագծով սահմանված ռազմավարական նպատակները:

«Ագրարային հատվածում 2019թ. ռազմավարական նպատակներից է ամբողջ արժեշղթայում ընդգրկված սուբյեկտների գյուղացիական տնտեսությունների եկամուտների ավելացումն ու երկրի պարենային անվտանգության բարձրացումը: Ընդհանուր առմամբ նախատեսված էր ՀՆԱ-ի 4.5-5.5% աճ»,– ասաց նախարարի պաշտոնակատարը:

Նախարարությունը նախատեսում է ստեղծել նաև տվյալների 8 նոր բազա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում