Գազի գործող սակագինը ՀԾԿՀ-ն արդարացված է համարում

Գազի գործող սակագինը ՀԾԿՀ-ն արդարացված է համարում

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գազի գործող սակագինն արդարացված է համարում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 8-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար Միքայել Սողոմոնյանը:

«Արդարացված եմ համարում սակագինը: Բոլոր հաշվարկները, մեթոդները հանձնաժողովը համարում է հիմնավորված: Դրանք կատարվել են գործող մեթոդիկային և միջպետական համաձայնագրին համապատասխան»,- ասաց Սողոմոնյանը:

Անդրադառնալով գազի գնի նվազեցմանը՝ Միքայել Սողոմոնյանը նշեց, որ այս պահին դրա համար ռեզերվ չի տեսնում:

«Գազի սակագնի գնագոյացման մեծության հետ կապված՝ պետք է նայել ընդհանուր մոտեցմամբ և՛ գործող պայմանագրի կոնտեքստում, և՛ կիրառված մեթոդոլոգիայի կոնտեքստում: Հիմա փորձում են դա նայել, եթե այդպիսի հնարավորություն ստեղծվի, բնավ խնդիր չի առաջացնի՝ թե՛ նվազեցնել, թե՛ ապացուցել, որ գործող սակագինը ճիշտ է հաշվարկված, որի վրա այս պահի դրությամբ ես վստահ եմ։ Նվազեցման մասին այս պահին չեմ կարող ոչինչ ասել: Առաջինը կախված է սահմանին գազի գնի մեծության հետ, որի շուրջ հիմա բանակցություններ են ընթանում: Ես որևէ բան չեմ կարող ասել, ավելին՝ հանձնաժողովը երբեք և հիմա էլ բանակցային կողմ չի հանդիսացել»,- նշեց Միքայել Սողոմոնյանը։

Նա հիշեցրեց, որ միջպետական պայմանագրով 2018 թ. համար սահմանված է գործող սակագինը, ինչ վերաբերում 2019-ին, ապա մինչև տարեվերջ պետք է «Գազպրոմը» հայտ ներկայացնի, որպեսզի հունվարի 1-ից սահմանվի նոր սակագին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում