Նախագահ Արմեն Սարգսյանի խոսքով՝ Բաղրամյան 26-ի շենքն ավելի հարմարավետ է իր աշխատակիցների համար

Նախագահ Արմեն Սարգսյանի խոսքով՝ Բաղրամյան 26-ի շենքն ավելի հարմարավետ է իր աշխատակիցների համար

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի նստավայրը Բաղրամյան 26 տեղափոխելը կարևոր է ոչ թե Արմեն Սարգսյանի, այլ աշխատակիցների համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագահ Արմեն Սարգսյանն այս մասին ասաց նոյեմբերի 9-ին լրագրողների հետ զրույցում:

«Անձնապես ինձ համար կարևոր չէ, թե որ շենքում կաշխատեմ: Դա կարևոր է աշխատակիցների համար այն առումով, թե որ շենքն է ավելի հարմարավետ աշխատանքի համար: Ցավոք, Մաշտոցի, 47 հասցեում գտնվող հոյակապ շենքը աշխատակիցների համար հարմար չէ՝ սկսած ջեռուցման, սառեցման և մնացած բոլոր պայմաններից: Բաղրամյան, 26-ի շենքն ավելի հարմարավետ է աշխատակիցների համար», -ասաց նախագահն ու հավելեց, որ ինքը շատ ուրախ է դրա համար:

Նա նշեց, որ Մաշտոցի 47-ի շենքը ներկայացուցչական իմաստով լավ շենք է և կարող է ապագայում ծառայել: Նախագահը շեշտեց, որ ինքը պատրաստ է ԱԺ-ի, կառավարության, վարչապետի հետ լուրջ համագործակցության՝ ի շահ մեր երկրի:

Սակայն Արմեն Սարգսյանը նկատեց, որ նստավայրի փոփոխության համար դեռ որոշակի գործըթնաց պետք է լինի, ԱԺ-ն պետք է ընդունի օրենքը: «Կարծում եմ, որ սա նոր Հայաստանի նոր քայլերն են: Ճիշտ է այն գնահատականը, որ մեր երկիրը պետք է առաջ գնա: Վարչապետը, նախագահը, ԱԺ-ն՝ բոլորս պետք է համագործակցենք և աշխատենք մեկ նպատակի համար»,-եզրափակեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում