Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը նոյեմբերի 12-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: Այս մասին իր ֆեյսբուքի էջում գրառում է կատարել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: «Ռուսաստանից դեպի Վրաստան ուղղությամբ՝ մոտ 2 կմ, տրանսպորտային միջոցների կուտակումներ կան, որի հիմնական պատճառը հացահատիկ տեղափոխող բեռնատարներն են: Ստացված տեղեկատվության համաձայն՝ հայկական մեքենաների քանակը հերթում 1/5 է կազմում»,-գրել է նա:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունից էլ տեղեկացրին, որ Վրաստանում ՀՀ դեսպանությունը կապ է հաստատել և՛ վրացական, և՛ ռուսական անցակետերի ղեկավարության հետ։ Վրացական կողմը նշում է, որ որևէ խցանում ոչ միայն այսօր չկա, այլև նախորդ օրերին չի եղել։ Իսկ ռուսական կողմից տեղեկացնում են, որ բեռնատար ավտոմեքենաների խցանում կա, որն առաջացել է նոյեմբերի 11-ին՝ օրվա երկրորդ կեսից սկսած։ «Այն տեղեկատվությունը, որ հայ վարորդները 3-4 օր գտնվում են սահմանին, չի համապատասխանում իրականությանը»,-տեղեկացրել են նախարարությունից։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում