Փաշինյանը վստահեցնում է, որ մի շարք փոփոխություններով հավելյալ 50 մլրդ դրամ գումար են ներդնելու տնտեսության մեջ

Փաշինյանը վստահեցնում է, որ մի շարք փոփոխություններով հավելյալ 50 մլրդ դրամ գումար են ներդնելու տնտեսության մեջ

 

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսքով` եկամտահարկի համահարթեցման միջոցով խրախուսում են բարձր աշխատավարձերով նոր աշխատատեղերի ստեղծումը, բացի այդ՝ այս և մյուս փոփոխություններով, ըստ էության, մոտ 50 միլիարդ դրամ են ներարկելու տնտեսության մեջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Փաշինյանն այս մասին հայտնեց ԱԺ-ում հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկմանն իր ելույթում:

«Մենք աշխատանքը խրախուսում ենք նաև եկամտահարկի համահարթեցման նախագծով: 36 և 28 տոկոս եկամտահարկերը իջեցնելու ենք և դարձնելու բոլորի համար 23 տոկոս: Սա աշխատանք է երկու ուղղությամբ` առաջինը մենք, ըստ Էության, խրախուսում ենք բարձր աշխատավարձերով նոր աշխատատեղերի ստեղծումը: Եվ այս ու մյուս փոփոխություններով, ըստ էության, հավելյալ մոտ 50 մլրդ դրամ ենք ներարկում տնտեսության մեջ: Մոտ 50 մլրդ դրամ հավաքագրում ենք ոչ թե պետական բյուջե, այլ թողնում ենք մարդկանց մոտ և տնտեսության մեջ: Սա շատ կարևոր ներարկում է տնտեսության մեջ` այնքանով, որ յուրաքանչյուր տնտեսավարող կարող է, կոպիտ ասած, հայտ ներկայացնել դրանից իր չափաբաժինը ստանալու համար»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարի կարծիքով` ավելացված 50 մլրդ դրամը կարող են տնօրինել մի քանի տարբերակներով: «Այն կարող է մտնել շուկա և առևտրի շրջանառությունը մեծացնել, կարող է մտնել բանկային համակարգ` ավանդների մեծացմամբ: Սա նպաստելու է աշխատանքի խրախուսման մեր քաղաքականության հաջողությանը: Եթե մտնի բանկային համակարգ, նոր հոսքերը կնպաստեն վարկերի տոկոսադրույքների նվազեցմանը, դա կաշխուժացնի գործարար միջավայրը»,-նկատեց Փաշինյանը:

Նա շեշտեց, որ շատ է քննարկվում, թե պետական բյուջեում աշխատավարձերի բարձրացում չկա, սակայն եթե եկամտահարկը նվազում է, դա նշանակում է, որ այդքանով ավելանում է աշխատավարձը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում