Հանրապետական կուսակցությունը մասնակցելու է ընտրություններին իրական ընդդիմություն լինելու և երկրորդ բևեռ ձևավորելու նպատակով. Շարմազանով

Հանրապետական կուսակցությունը մասնակցելու է ընտրություններին իրական ընդդիմություն լինելու և երկրորդ բևեռ ձևավորելու նպատակով. Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովի կարծիքով՝ ապագա խորհրդարանում իրական ընդդիմությունը, որը կարող է մատնանշել իշխանության թերություններն ու սխալները, Հանրապետական կուսակցությունն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Շարմազանովը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում իր ելույթում։

«Մենք ամեն ինչ անելու ենք դիմակայելու մարտահրավերներին` զերծ պահելով Հայաստանն ու Արցախը հնարավոր վտանգներից, քանի որ հայրենիքի շահը վեր է ամեն ինչից: Հանրապետական կուսակցությունը մասնակցելու է ընտրություններին՝ իրական ընդդիմություն լինելու և երկրորդ բևեռ ձևավորելու նպատակով: Մեր երկրին անհրաժեշտ է իրական ընդդիմություն, որը մատնանշի իշխանության թերություններն ու սխալները`զերծ պահելով նրան երկրի համար ճակատագրական սխալներից»,- ասաց Շարմազանովն ու հավելեց, որ դա կարող է անել միայն Հանրապետական կուսակցությունը:

Նա նշեց, որ կան գործիչներ, որոնք քննադատում են Հանրապետական կուսակցությանը ընտրությունները չբոյկոտելու համար: «Մեկ անգամ չէ, որ նշել ենք, որ, այսօր, քան երբևէ, Հայաստանը կանգնած է լուրջ արտաքին և ներքին մարտահրավերների դեմ հանդիման: Այս պայմաններում մենք չենք կարող ընդունել կրավորական կեցվածք, հետևաբար, նաև ուրախանալ հնարավոր ձախողումներով»,- ընդգծեց պատգամավորը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում