Ասում էիք, որ ստվեր կա, ո՞ւր է այդ ստվերը. Շարմազանով

Ասում էիք, որ ստվեր կա, ո՞ւր է այդ ստվերը. Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: «2019 թվականի բյուջեի նախագիծն ամենակարևոր քաղաքական փաստաթղթերից մեկն է, և իմ շեշտադրումներն էլ լինելու են հիմնականում քաղաքական»,- ԱԺ նիստի ժամանակ այսօր հայտարարեց ՀԿ խմբակցութության պատգամավոր Էդուարդ Շարմազանովը։

Նա խոստովանեց, որ իշխանության ներկայացուցիչ եղած ժամանակ ինքը հիմնականում ներկայացրել է բյուջեի դրական կետերը, մինչդեռ ընդդիմության դիրքերից այսօր վեր կհանի բացասականը՝ նպատակ ունենալով ոչ թե խանգարելու, այլ ուղղելու և այլընտրանքային առաջարկներ անելու։

«Հեղափոխության կամ իշխանափոխության առիթներից մեկն այն էր, որ մեր ժողովուրդն ուներ չբավարարված սպասումներ, այսինքն՝ տնտեսական աճի բավարարվածություն չկար, աշխատատեղերի բավարարվածություն չկար, միգուցե նաև արդարության հետ որոշակի խնդիրներ կային և այլն։ Իշխանափոխությունից հետո նոր կառավարությունից սպասումները չափազանց շատ են։ Ինչո՞ւ, որովհետև հեղափոխության լիդերները, այն ժամանակ դեռևս համաժողովրդական շարժման լիդեր Փաշինյանը, շատ բարձր «պլանկա» էր դրել՝ թռիչքային զարգացում, ՀՀ-ում աղքատներ չլինելու հանգամանք, կարմիր գծեր, տեսախցիկներ, արտաքին քաղաքականության մեջ կտրուկ շրջադարձ և այլն»,- ասաց նա։

Էդուարդ Շարմազանովը չհամաձայնեց այն ձևակերպումներին, որ 2019 թվականի բյուջեն իներցիոն է։ Ըստ նրա՝ իներցիոն էր 2018 թվականի բյուջեն, քանի որ այն ընդունվել էր ՀՀԿ-ի իշխանության, Կարեն Կարապետյանի աշխատանքի ժամանակ։

«2019 թվականի բյուջեն բերել է նոր կառավարությունը և քաղաքական պատասխանատվություն է կրում դրա համար։ Նոր կառավարության բյուջեն չի կարող իներցիոն լինել։ Հիմա խոսեմ սպասումների մասին։ ժողովուրդը 2019 թվականին ավելի լա՞վ, թե վատ է ապրելու։ 2018 թվականին 6․5 տոկոս տնեսական աճ էր գրված, 2019 թվականին՝ 4,9 է գրված։ Հիմա 6,5 տոկոս տնտեսական աճով են լավ ապրո՞ւմ, թե 4,9-ով, պարզ է՝ 6,5-ով։ Ասում էիք, որ 800 մլն դոլարով բյուջեն կավելացնեք, բա ո՞ւր է այդ բյուջեն, ասում էիք, որ ստվեր կա, ո՞ւր է այդ ստվերը։ Երեկ Մինասյանը շատ հստակ ներկայացրեց, որ 1,3 տոկոս է։ Ես չեմ ասում՝ ստվեր չի եղել, ես հիմա ասում եմ՝ բա որ եղել է, ինչո՞ւ բյուջեում գրված չէ։ Ներդրումների կտրուկ անկում ունենք՝ առաջին եռամսյակում ունեցել ենք 100 մլն դոլարի, երկրորդ եռամսյակում՝ 11 անգամ պակաս՝ 9 մլն դոլարի ներդրում»,– ասաց ԱԺ փոխնախագահը։

Նրա համոզմամբ, նվազել են նաև արտահանման ծավալները՝ խոսքը 10 տոկոս անկման մասին է։
Շարմազանովը հիշեցրեց, որ այս ամենին զուգահեռ կառավարությունը «էվոլյուցիոն» օպտիմալացում է իրականացնելու։ Նրա գնահատմամբ՝ այսօր կառավարության քաղաքականությունը շատ դեպքերում հակասում է հեղափոխության լիդերի՝ Նիկոլ Փաշինյանի հռչակած սկզբունքներին։

Էդուարդ Շարմազանովը նաև շեշտեց՝ թեև ինքը կարևորում է կոռուպցիայի դեմ պայքարը, միևնույն է, կարծում է, որ դա չպետք է լինի «ասֆալտին» փռելու ճանապարհով, այլ պետք է լինի օրենսդրական նախաձեռնությամբ, քաղաքական կամքով ու շարունակական աշխատանքով։

«Սակայն ՀՀ-ի համար ամենակարևորն անվտանգություն է։ Երբ ասում եմ՝ անվտանգություն, նկատի չունեմ միայն տեսանելի հակառակորդը՝ Թուրքիան, Ադրբեջանը, այլ նկատի ունեմ այն վատ երևույթները, որոնք կան։ Այս իմաստով ես չեմ տեսնում հայագիտության բլոկը որպես ստրատեգիական բլոկ։ Միգուցե մեր իշխանության ժամանակ էլ չի եղել, բայց եթե մեր իշխանությունն այդքան լավը լիներ, այսօր ես ձեր տեղը նստած կլինեի, իսկ դուք էլ ինձ կքննադատեիք։ Այսօր պետք է կիրառվի ներառական հայագիտություն, քանի որ Ադրբեջանն ու Թուրքիան միլիոնավոր դոլարներ են դնում հայագիտական ամբիոների կողքին իրենցը սարքելու համար»,- ամփոփեց ԱԺ փոխնախագահը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում