Սամվել Ֆարմանյանն ընդունում է, որ վիճակախաղերն արգելելու մասին իր նախագիծը չունի քաղաքական աջակցություն

Սամվել Ֆարմանյանն ընդունում է, որ վիճակախաղերն արգելելու մասին իր նախագիծը չունի քաղաքական աջակցություն

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն ընդունում է, որ իր և պատգամավոր Միհրան Հակոբյանի կողմից առաջարկած` վիճակախաղերն օրենքով արգելելու մասին նախագիծը չունի բավարար քաղաքական աջակցություն և հույս է հայտնում, որ հաջորդ խորհրդարանը հետամուտ կլինի բարձրացրած խնդրին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ֆարմանյանը նման կարծիք հայտնեց ԱԺ հերթական նիստում նախագծի քննարկմանը:

«Ես նկատում եմ, որ այս կարևոր նախագիծը չունի այն քաղաքական աջակցությունը, որը կօգներ այն վերածել գործող օրենքի: Խնդիրներն իրենց լուծելու ճիշտ ժամանակն ունեն: Երբեմն դրանք հնարավոր չեն լինում լուծել: Ես հիասթափված եմ, զգում եմ, որ նախագիծը չի ստանալու բավարար աջակցություն»,- ասաց նա ու հույս հայտնեց, որ հաջորդ խորհրդարանում կշարունակեն հետամուտ լինել խնդրի կարգավորմանը:

Նա նշեց, որ ամեն անգամ, երբ մամուլում տեղեկություններ կհայտնվեն իրենց բարձրացրած խնդրի հետ կապված, ինքը նախագծին դեմ արտահայտված պատգամավորներին պարզապես կուղարկի բոլոր դեպքերի մասին հաղորդագրությունները: Նա նկատեց, որ նախագիծը չընդունելու նախորդ կառավարության դիտարկումներն ու ներկայիս կառավարության դիտարկումները գրեթե նույնն են եղել:

Անդրադառնալով Ալեն Սիմոնյանի դիտարկմանը, թե ներկայացված նախագիծը գործող իշխանության նկատմամբ քինախնդրության փորձ է` Ֆարմանյանն ասաց, որ դա համարում է անձնական վիրավորանք: «Ես համոզված եմ, որ մի օր Հայաստանի կառավարությունը ստիպված է լինելու գնալ խնդրի ռադիկալ կարգավորմանը»,-եզրափակեց պատգամավորը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում