Կառավարության նիստերն անցկացվելու են դռնբաց. այսպիսով` լուծում է ստանում ժամանակին աղմուկ հարուցած հարցը

Կառավարության նիստերն անցկացվելու են դռնբաց. այսպիսով` լուծում է ստանում ժամանակին աղմուկ հարուցած հարցը

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծն արժանացավ գործադիրի հավանությանը: Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը նոյեմբերի 15-ի կառավարության նիստում նշեց, որ նախագծի ընդունման պարագայում՝ կառավարության նիստերն այլևս, որպես կանոն, կանցկացվեն դռնբաց, իսկ կառավարության և վարչապետի որոշումների հավելվածները ստորագրելու իրավազորությամբ կօժտվի վարչապետի աշխատակազմի ղեկավարը, ինչն իր հերթին էապես կբարելավի կառավարության և վարչապետի որոշումների ընդունմանը հաջորդող գործընթացների հնարավորինս արագ և արդյունավետ կազմակերպումը:

«Կառավարության գործունեության հրապարակայնությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված, ի տարբերություն գործող կարգավորումների, օրինագծով սահմանվում է, որ Կառավարության նիստերը դռնբաց են՝ զուգահեռաբար ամրագրելով, որ վարչապետի որոշմամբ նիստն ամբողջությամբ կամ դրա մի մասը կարող է անցկացվել դռնփակ: Ըստ այդմ՝ համարժեքորեն վերանայվում են նաև այս կարգավորումից ածանցվող մյուս դրույթները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Զեյնալյանը:

«Այսինքն` այսպիսով մենք լուծում ենք ժամանակին աղմուկ հարուցած հարցը: Հիշում եք, որ հիմա օրենքով նախատեսված է, որ սովորաբար կառավարության նիստերը լինում են դռնփակ և դռնբաց նիստերը հատուկ որոշում են պահանջում. հիմա մենք հակառակն ենք անում, հիմա մենք նիստերը անում ենք դռնբաց: Բնականաբար, կլինի նաև դռնփակ նիստերի անհրաժեշտություն և այդ պարագայում կկայացնենք որոշում դռնփակ անցկացնելու վերաբերյալ»,– իր հերթին նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Սահմանադրության փոփոխություններով նախատեսվում էր, որ կառավարության նիստերն անցկացվելու են դռնփակ ռեժիմով: Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնից հրաժարական տալուց հետո վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ կառավարության նիստերն անցկացվում են դռնբաց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում