Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց գյուղարտադրանքի իրացումն ԱԱՀ-ից ազատելու նախագծին

Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց գյուղարտադրանքի իրացումն ԱԱՀ-ից ազատելու նախագծին

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է գյուղատնտեսական արտադրանքի իրացումն ազատել ավելացված արժեքի հարկից: Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ ՀՀ օրենսդրության համաձայն գյուղացին գյուղմթերքի իրացման դեպքում ազատված է ԱԱՀ վճարումից: Այսօր պարտադրվում է, որ առևտրային ցանցերը, որոնք ՀՀ-ում համարվում են տեղական գյուղմթերքների և մսամթերքների ամենամեծ սպառողները, այդ ապրանքները վաճառեն ԱԱՀ-ով, որը բերել է վերը նշված ապրանքների նվազագույնը 20-30 տոկոս թանկացմանը: Ստեղծված իրավիճակից ՀՀ ում աճել է Բելառուսից ու ՌԴ-ից մսամթերքի ներկրումը: Արդյունքում ստացվում է, որ մեր տեղական մսամթերքը վաճառվում է սուպերմարկետներում նվազագույնը 3.600-ից 3700 դրամով, իսկ բելառուսականը 2800-2900 դրամով: Նույն պատկերը տիրում է նաև հայկական միրգ բանջարեղենի շուկայում:

Նախագծի հետ կապված Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ այլ հավասար պայմաններում հարկային համակարգը նույնն է և եթե խախտում չկա, հարկերը չեն կարող ազդել գնի վրա: «Խնդիրն այն է, որ ներկրվող ապրանքի գինն ավելի ցածր է, որի պատճառն այն է, որ մեր գյուղատնտեսությունը բավարար չափով արտադրողական չէ և մրցունակ գներով չի կարողանում իրացում ապահովել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարի պաշտոնակատարը: Ջանջուղազյանի խոսքով՝ եթե այս նախագիծն ընդունվի, իրենք դրանով կսուբսիդավորեն գյուղատնտեսությունն ու ավելի թույլ կլինի ձգտումն՝ ունենալ մրցունակ արտադրանք:

Նախարարի պաշտոնակատարը նաև նշեց, որ նախագծի ընդունումը կհանգեցնի ՀՀ պետական բյուջեի եկամուտների նվազեցման:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում