«Գազպրոմ Արմենիա»-ն ՊԵԿ-ին մեղադրում է իրենց բարի համբավն արատավորելու մեջ

«Գազպրոմ Արմենիա»-ն ՊԵԿ-ին մեղադրում է իրենց բարի համբավն արատավորելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ« ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն անհիմն է համարում իրենց ընկերությունում չարաշահումների հայտնաբերման մասին Պետական եկամուտների կոմիտեի հայտարարությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նոյեմբերի 15 հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ընկերության գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը:

ՊԵԿ հայտարարությունում համեմատական է տարված ընկերության ձմեռվա և ամառվա կորուստների վերաբերյալ, ինչն էլ ընկերության գլխավոր տնօրենը կոռեկտ չի համարում:

«Ձմռան ամիսներին կորուստներն անհամեմատ բարձր են, քան ամռան ամիսներին, և դա այդպես է ոչ միայն 2018 թվականի համար: Կոռեկտ չէ նման համեմատականներ տանելը: Ձմռանը լրացուցիչ կորուստներ են առաջանում, և կախված նրանից` ցրտաշունչ է ձմեռը, թե ոչ, կորուստների չափերը տարբեր են, ինչը նորմալ է»,- ասաց Թադևոսյանը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենը նշեց, որ իրենք հանդիսանում են խոշոր հարկատուներից մեկը, և բազմիցս ՊԵԿ-ի կողմից արժանացել են «Օրինապահ հարկ վճարողի» հավաստագրերի:

«Մեր ընկերությունը նույն ՊԵԿ-ի կողմից բազմիցս արժանացել է «Օրինապահ հարկ վճարողի» հավաստագրի: Վերջին հավաստագիրը ստացել ենք այս տարվա սեպտեմբերին»,- նշեց Թադևոսյանը:

Հրանտ Թադևոսյանի խոսքով` ՊԵԿ-ի հրապարակումը վտանգել է ռուսական խոշոր բանկից վարկ վերցնելու գործընթացը ու արատավորել իրենց բարի համբավը:

«2016 թվականին «Գազպրոմ»-ի 254 մլն դոլարի վարկերը 2018 թվականի ավարտին հասցվել են 128 մլնի, իսկ այս օրերին պետք է պայմանագիր կնքեինք խոշոր ռուսական բանկի հետ՝ 6,5 տոկոսով` մոտ 150 մլն դոլարի վարկ վերցնելու պայմանով։ Ակնկալում էինք տնտեսել տարեկան 2-4 մլն դոլար, սակայն ՊԵԿ հայտարարությունից հետո, որը նաև տարածվել է ռուսական մամուլում, մենք ստացանք լուրջ անհանգստություն, ահազանգ այդ բանկից, որի հետ ավարտում էինք բանակցությունները: Գործարքի իրականացումը դրվում է լուրջ կասկածի տակ», – ընդգծեց Թադևոսյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում