Կառավարության օժանդակությամբ Կոտայքի մարզում կկառուցվեն տեխնոլոգիապես առաջադեմ նոր այգիներ

Կառավարության օժանդակությամբ Կոտայքի մարզում կկառուցվեն տեխնոլոգիապես առաջադեմ նոր այգիներ

 

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության որոշմամբ ներդրումային ծրագրի շրջանակում «Ռոյալ Գլաս Գրուպ» ՍՊԸ-ն կօգտվի ԱԱՀ վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ընկերությունը նախատեսում է Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում արդեն իսկ գործող 30 հեկտար պտղատու այգիներում կառուցել ամբողջովին նոր տեխնոլոգիապես առաջադեմ այգիներ մոտ 20 հեկտար, սառնարանային պահեստներ և ընդլայնել հյութերի արտադրամասը։

Ինտենսիվ այգիները համալրվելու են ժամանակակից համակարգերով, ներառյալ հակակարկտային համակարգով: Կաթիլային ոռոգման համակարգը կկանխարգելի զգալի քանակությամբ ջրի կորուստը և կապահովի ծառերի արդյունավետ սնուցումը: Ծրագրի շրջանակում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 990 մլն դրամի չափով ներդրում, որից ցանկով նշված ապրանքների համար նախատեսված գումարը կկազմի շուրջ 484 մլն դրամ։ Արդյունքում երեք տարվա ընթացքում կստեղծվի 25 նոր աշխատատեղ` 110 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում