Թուրքիայի ԱԳՆ-ն անդրադարձել է սաուդացի լրագրողի սպանության գործի հանգամանքներին

Թուրքիայի ԱԳՆ-ն անդրադարձել է սաուդացի լրագրողի սպանության գործի հանգամանքներին

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսության շենքում սպանված սաուդացի լրագրող Ջամալ Խաշոկջիի սպանության գործի հանգամանքներին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է գործի վերաբերյալ Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազի հայտարարություններին:

Չավուշօղլուն հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազի հայտարարությունները կարևոր են գործի հանգամանքները պարզելու համար, բայց ամբողջովին բացահայտելու համար այդքան էլ բավարար չեն:

«Սաուդյան կողմը պետք է բացահայտի հյուպատոսությունում սպանված լրագրողի մարմնի գտնվելու վայրը և սպանությունն իրականացրած խմբին հրաման տված անձի անունը: Բազմաթիվ հարցեր է առաջացնում այն հանգամանքը, որ սպանվածի մարմինը դեռ չի գտնվել»,- ասել է Չավուշօղլուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում