Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը չի բացառել ՄԻԵԴ դիմելու հնարավորությունը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը չի բացառել ՄԻԵԴ դիմելու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը չի բացառել Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու հնարավորությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումից հետո տեղի ունեցած ճեպազրույցում լրագրողների տված հարցին, թե որոշումը ստանալուց հետո ո՞րն է լինելու հաջորդ քայլը, հնարավո՞ր է, որ իրենք դիմեն ՄԻԵԴ, Հայկ Ալումյանը պատասխանեց. «Շատ մեծ հավանականությամբ՝ այո»:

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանը բեկանել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը վերացնելու Վերաքննիչ դատարանի որոշումն ու գործն ուղարկեց նույն դատարան՝ նոր քննության:

Ըստ Հայկ Ալումյանի՝ Վճռաբեկ դատարանի որոշման վերաբերյալ առաջին տպավորությունը բացասական է, սակայն նա նշեց, որ Վերաքննիչ դատարանում հնարավորություն կունենան իրենց ներկայացրած հիմնավորումներից ևս երկուսը քննարկման առարկա դարձնել:

«Ամբողջ տեքստը կստանանք, ավելի մանրամասն կկարողանամ կարծիքս ասել», – ասաց նա:

Վճռաբեկ դատարանը որոշումը հրապարակելիս նաև տեղեկացրել է, որ հատուկ կարծիք է հայտնել Վճռաբեկ դատարանի դատավոր Սերժիկ Ավետիսյանը՝ գտնելով, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքների վերաբերյալ վարույթն անհրաժեշտ է կասեցնել և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականության հարցով դիմել ՀՀ սահմանադրական դատարան:

Հայկ Ալումյանը նշեց, որ իր տպավորությամբ` Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Սերժիկ Ավետիսյանը ցանկանում է գործն ուղարկել Սահմանադրական դատարան:

«Ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ պարոն Ավետիսյանը գտնում է, որ Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության հետ կապված հարցերը, ինչպես նաև նրա անձեռնմխելիությունը հաղթահարելու հետ կապված հարցերը մեր օրենսդրությամբ կարգավորված չեն բավարար հստակությամբ, ու այդ հարցը պետք է Սահմանադրական դատարանի լուծմանը ներկայացվի», – ասաց Հայկ Ալումյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում