Թեժ քննարկումներ Ազգային ժողովում. ՀՀԿ-ական պատգամավորները բոյկոտեցին կարևոր նախագծի քվեարկությունը

Թեժ քննարկումներ Ազգային ժողովում. ՀՀԿ-ական պատգամավորները բոյկոտեցին կարևոր նախագծի քվեարկությունը

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի հերթական քառօրյայի վերջին նիստն անցավ բուռն քննարկումների ու թեժ մթնոլորտում: Նիստի ընթացքում կառավարության ներկայացրած մի շարք նախագծեր չընդունվեցին: Դրանց թվում կային նաև նախագծեր, որոնք առաջին ընթերցմամբ ընդունվել էին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախ ոչ մի կերպ չէր հաջողվում քվորում ապահովել՝ նիստը սկսելու համար: Առաջին փորձից գրանցվել էր 48 պատգամավոր, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն առաջարկեց սպասել:

Արա Բաբլոյանն այնուհետև խմբակցությունների ղեկավարներին խնդրեց իրենց խմբակցության պատգամավորներին հրավիրել նիստերի դահլիճ, որպեսզի կարողանան քվորում ապահովել նիստը սկսելու համար: Մոտ 30 րոպե սպասելուց հետո ԱԺ նախագահը ևս մեկ գրանցում կազմակերպեց. Այս անգամ գրանցվել էր 52 պատգամավոր: Արա Բաբլոյանը գրանցված պատգամավորներին խնդրեց չլքել դահլիճը՝ մինչև մյուս պատգամավորների գալը:

Որոշ ժամանակ անց ի վերջո հաջողվեց քվորում ապահովել: ՀՀ ԱԺ նախագահը քվեարկության դրեց նախորդ օրը քննարկված «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: Նախագծին կողմ քվեարկեց 51, ձեռնպահ՝ 1 պատգամավոր: Քվեարկությունից հետո ՀՀ ԱԺ նախագահը դիմեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանին. «Գալուստ Գրիգորիչ, Դուք չե՞ք քվեարկում, ինչին ի պատասխան Գալուստ Սահակյանը բացասական պատասխան տվեց: Արա Բաբլոյանը հայտարարեց, որ որոշումը չի ընդունվել, քանի որ այն ընդունելու համար անհրաժեշտ է, որպեսզի քվեարկությանը մասնակցի 53 պատգամավոր: Դահլիճից առաջարկեցին վերաքվեարկություն իրականացնել, սակայն Արա Բաբլոյանը առաջարկի հետ չհամաձայնեց՝ շեշտելով, որ Գալուստ Սահակյանին հարցրել է, ով ասել է, որ չի քվեարկում:

Արա Բաբլոյանը քվեարկության դրեց ՀՀ կառավարության ներկայացրած «Ընդերքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրինագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Այս նախագծին ևս կողմ քվեարկեց 51, ձեռնպահ՝ 1 պատգամավոր: Որոշումը կրկին չընդունվեց:

Այնուհետև ԱԺ նախագահը քվեարկության դրեց «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և կից օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: Վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք խնդրեց ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը. «Հարգելի գործընկերներ, ես կոչ եմ անում, որպեսզի բոլորը մասնակցեն քվեարկությանը, որպեսզի չձախողվեն կառավարության կարևորագույն օրինագծերը: Կոչ եմ անում մասնակցել, որպեսզի կարևոր որոշումներն ընդունվեն: Այս նախագծին կողմ քվեարկեց 51, ձեռնպահ՝ 1 պատգամավոր: Որոշումը չընդունվեց:

Քվեարկության դրվեց Ազգային ժողովի պատգամավոր Հրաչյա Հակոբյանի ներկայացրած «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ու հարակից նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Օրինագծերի փաթեթի հեղինակ, Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք խնդրեց ու դիմեց Գալուստ Սահակյանին՝ խնդրելով այս անգամ մասնակցել քվեարկությանը: «Կարծում եմ, որ այս նախագիծը հրատապ է, քանի որ տեսնում եք, թե որքան են այս տատալիզատորների գովազդները խեղդում բոլորին»,- ասաց Հակոբյանը: Նախագծերի փաթեթին կողմ քվեարկեց 52 պատգամավոր, որոշումը չընդունվեց: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ մեկ պատգամավոր չի քվեարկել: «Բայց, երևի, սկզբունքայնորեն չի քվեարկել»,- ասաց ԱԺ նախագահը:

ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն առաջարկեց վերաքվեարկություն կազմակերպել, սակայն Արա Բաբլոյանն առաջարկի հետ համաձայն չէր: «Մենք չգիտենք, հնարավոր է, որ որևէ մեկն ուղղակի կոճակը չի սեղմել, ես առաջարկում եմ վերաքվեարկություն»,- պնդեց Մելքումյանը:

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, դիմելով գործընկերներին, նշեց. «Ես նախ խնդրում եմ, որ մեկս մյուսին հարգենք, մենք բոլորս այստեղ հավասար ենք: Եթե տեղից որևէ մեկը չի ասել, որ իր կոճակը չի աշխատել, չի կարողացել քվեարկել, վերաքվեարկության կարիք չկա: Ես կողմ եմ քվեարկել, մնացածը չգիտեմ, թե ով ոնց է քվեարկել»:

Միքայել Մելքումյանը շարունակեց պնդել վերաքվեարկության դնելու առաջարկը: «Ես առաջարկում եմ, որ մենք գիտակցենք, որ սա շատ կարևոր օրենք է, որը պետք է ընդունենք»,- ասաց Մելքումյանը: Այնուամենայնիվ, նախագծերի փաթեթի վերաքվեարկություն չկազմակերպվեց:

Քվեարկության դրվեց պատգամավոր Էդմոն Մարուքյանի ներկայացրած Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծին առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն ընդգծեց, որ խորհրդարանում անկարևոր հարցեր չեն քննարկվում, իսկ առաջիկայում լինելու են խորհրդարանական արտահերթ ընտրություններ՝ շեշտելով, որ ԱԺ-ում տիրող մթնոլորտն անընդունելի է ու անընկալելի՝ գալ, նստել դահլիճում և բնական գործունեությունը խաթարել: «Մենք շատ լավ գիտակցում ենք, որ կա քվեարկելու երեք տարբերակ, և կա նաև չորրորդ տարբերակը, որը չքվեարկելն է: Բայց բնական գործընթացներ ապահովելու համար նաև նախագահությունը իր գործունեությունը ծավալում է»,- ասաց էնֆիաջյանը:

Էդմոն Մարուքյանը իր հերթին պատգամավորներին խնդրեց աջակցել իր ներկայացրած նախագծին, քանի որ այն վերաբերվում է մարդու իրավունքների հարգմանը և պաշտպանությանը: «Ես շատ եմ կարևորում, որ այն այսօր ընդունվի, որովհետև որևէ քաղաքական նպատակ, քաղաքական աստառ այս նախագիծը չունի, այն զուտ մարդասիրական բնույթ է կրում, և ես խնդրում եմ, որ մենք միասին այն ընդունենք»:

Վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ նաև ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Ես ևս միանում եմ կոչին և հորդորում եմ իմ գործընկերներին, ովքեր հումորի համար նստել են դահլիճում և կուզեն կքվեարկեն, չուզեն՝ չեն քվեարկի, հասկանալ, որ այս պահին Հայաստանի բոլոր կալանավայրերում հետևում են այս նախագծի քվեարկությանը: Մարդիկ շատ դեպքերում անհարկի ենթարկվել են ոչ մարդկային վերաբերմունքի: Մենք պարտավոր ենք վերականգնել այդ մարդկանց իրավունքը և այս նախագիծը միտված է դրան: Բոլորին հորդորում եմ այս նախագծին կողմ քվեարկել և չտապալել այն»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ պատգամավորներին կոչ արեց հարգել մեկը մյուսի քվեարկությունը: «Բոլորս էլ պատգամավոր ենք և իրավունք ունենք քվեարկել կամ չքվեարկել: Եկեք հարգանքով վերաբերվենք մեկս մյուսի քվեարկությանը: Ինչ վերաբերվում է պարոն Էդմոն Մարուքյանի նախաձեռնությանը, սա այն դեպքն է, երբ երկու լոռեցիների կարծիքները համընկնում են, ես պաշտպանում եմ այս նախագիծը: Կալանավայրերում գտնվող մեր քաղաքացիների իրավունքները պետք է պաշտպանվեն, դա մարդասիրական օրենսդրական նախաձեռնություն է, ես կողմ եմ քվեարկելու՝ չնայած նրան, որ կառավարությունը բացասական եզրակացություն է տվել: Ես բոլորին կոչ եմ անում կողմ քվեարկել»,- ասաց Շարմազանովը: Չնայած բազմաթիվ կոչերին ու հորդորներին՝ այս նախագիծը ևս չընդունվեց. կողմ քվեարկեց 48 պատգամավոր:

Խորհրդարանը չընդունեց նաև «Հավաքների ազատության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով ՀՀԿ խմբակցության մի խումբ պատգամավորներ առաջարկվում էին արգելել Հայ Առաքելական Եկեղեցու տարածքում արգելել հավաքների անցկացումը: Նախագծին կողմ քվեարկեց 43 պատգամավոր:

Այնուհետև քվեարկության դրվեց «Հատուկ պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր ավելացնել Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգության երաշխիքները: Նախագիծը չընդունվեց, ինչից հետո կրքերն ավելի բորբոքվեցին:

Քվեարկությունից առաջ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը պատգամավորներին կոչ արեց միահամուռ կողմ քվեարկել նախագծին: ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը նշեց, որ նախագծի քննարկման ժամանակ կառավարության ներկայացուցիչը հավաստիացրել է, որ, եթե Կաթողիկոսի անվտանգությունը պաշտպանության կարիք ունենա, ապա կառավարությունը հատուկ միջոցներ կձեռնարկի, այդ մասին օրենքով հատուկ արձանագրվելու կարիք չկա: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը բոլորին կոչ արեց պարտադիր կերպով կողմ քվեարկել ներկայացված օրենսդրական նախաձեռնությանը՝ ընդգծելով, որ Սահմանադրությամբ Հայ Առաքելական Եկեղեցուն տրված են բացառիկ իրավունքներ: ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Միհրան Հակոբյանը և Սամվել Նիկոյանը այն կարծիքին էին, որ Վեհափառ Հայրապետի անվտանգության ապահովումը կառավարության հայեցողությանը թողնելն անընդունելի է, դա պետք է ընդունվի օրենքով: Նախագծին կողմ արտահայտվեց նաև ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն էլ ընդգծեց, որ կարևորում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգության հարցը, բայց գտնում են, որ օրենքով չէ, որ այդ հարցը պետք է կարգավորվի: Նա հայտարարեց, որ «Ծառուկյան» խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու:

Ի վերջո, նախագծին կողմ քվեարկեց 28, ձեռնպահ՝ 10 պատգամավոր, որոշումը չընդունվեց: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ սա անկախ Հայաստանի ամենախայտառակ քվեարկությունն էր, ինչից հետո լքեց դահլիճը: Էդուարդ Շարմազանովի հետևից դահլիճը լքեցին նաև ՀՀԿ խմբակցության մյուս պատգամավորները: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ՀՀԿ խմբակցության պատգամավորներին հորդորեց մնալ դահլիճում, քանի որ ևս մեկ կարևոր նախագիծ կա, որը պետք է քվեարկվի: «Ամեն մի նախագիծ իր կարևորությունն ունի, այդպես չի կարելի»,- ասաց Բաբլոյանը:

Տիգրան Ուրիխանյանի կողմից ներկայացված «Կրթության մասին ՀՀ օրենքում« փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը ևս չընդունվեց: Նախագծին միաձայն կողմ քվեարկեց 32 պատգամավոր, սակայն ընդունելու համար անհրաժեշտ էր, որպեսզի քվեարկությանը մասնակցի 53 պատգամավոր: Նախագծով պատգամավորն առաջարկում էր տարաժամկետել ուսանողների ուսման վարձերը:

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում