ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում ՄԻՊ-ը կաշխատի արտակարգ ռեժիմով

ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում ՄԻՊ-ը կաշխատի արտակարգ ռեժիմով

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը կաշխատի շուրջօրյա, արտակարգ ռեժիմով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նոյեմբերի 16-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Մենք շատ ուշադրությամբ հետևում ենք նախընտրական գործընթացին: Ստեղծված է աշխատանքային խումբ: Մենք հաջորդ շաբաթվա սկզբում հատուկ հայտարարություն կանենք այդ խմբի խնդիրների, կարգավիճակի հետ կապված, ինչպես մշտապես անում ենք: Ողջ քարոզարշավի ընթացքում աշխատելու ենք շուրջօրյա արտակարգ ռեժիմով` հատուկ ուշադրություն դարձնելով ընտրական իրավունքների պաշտպանությանը, հատկապես լրագրողների աշխատանքի, դիտորդների աշխատանքի պաշտպանությանը, կրթական հարցերին, որովհետև ես մշտապես քննադատել և հարց եմ բարձրացրել, երբ արվում էին մանկապարտեզի ու դպրոցի` քաղաքական գործընթացին ներգրավելու փորձեր»,– ասաց Թաթոյանը:

Մարդու իրավունքների պաշտպանի խոսքով` իրենք արդյունավետ համագործակցում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, իրավապահ մարմինների, կառավարության ու քաղաքացիական հասարակության հետ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում