Փաշինյանը պարզաբանումներ է պահանջելու Լուկաշենկոյից ու Նազարբաևից

Փաշինյանը պարզաբանումներ է պահանջելու Լուկաշենկոյից ու Նազարբաևից

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին զարմացրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ այդ երկրում Ադրբեջանի դեսպանին ՀԱՊԿ-ի շրջանակում կայացած դռնփակ նիստից մանրամասներ պատմելը։

«Եթե դա դռնփակ նիստ է, որտեղ ռազմաքաղաքական դաշինքի ղեկավարները հարցեր են քննարկում, նշանակում է, որ դա փակ խոսակցություն է դաշնակիցների միջև։ Եվ ես զարմացած եմ, որ երեսուն տարի, կամ չգիտեմ քանի տարի պետության ղեկին եղած մարդը, կարող է իրեն այդպիսի քայլ թույլ տալ»,-ասել է Փաշինյանը լրագրողների հետ զրույցում։

Նա նաև հավելել է, որ պատրաստվում է պարզաբանումներ պահանջել ոչ միայն Բելառուսի, այլև Ղազախստանի նախագահից։

«Մեր պայմանավորվածություններին հակասող հայտարարություն է արել նաև Նուրսուլթան Նազարբաևը։ Գագաթնաժողովի դռնփակ նիստից հետո նա հայտարարել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու է Բելառուսի ներկայացուցիչ։ Որևէ մեկը նման հայտարարություն անելու իրավունք չուներ, որովհետև ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով, իսկ մենք մեր դիրքորոշումը հստակ արտահայտել ենք։ Քանի դեռ մենք գործընկերային միջավայրում այլ որոշում չենք կայացրել, որևէ մեկը նման հայտարարություն անելու իրավունք չունի»,– ասել է Փաշինյանը։

Նա կարևորել է, որ ՀԱՊԿ-ում Հայաստանը պետք է հստակ ու բաց խոսակցություն ունենա դաշնակիցների հետ, կողմերից յուրաքանչյուրի համար պարզ լինի, թե ինքը ինչ պարտավորություն ունի մյուսների նկատմամբ և հակառակը։

Վարչապետի պաշտոնակատարը նշել է՝ Պուտինի հետ հեռախոսային խոսակցության ժամանակ անդրադարձել են նաև այս հարցին, բացի այդ կազմակերպության մյուս անդամների հետ շարունակվում են քննարկումները, որպեսզի կողմերը հասնեն փոխադարձ ըմբռնման։

«Մենք պահպանում ենք հարգանքը մեր գործընկերների հանդեպ, հույս ունենք, որ նույն կերպ կպահեն նաև նրանք»,- ասել է Փաշինյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում