Բակո Սահակյանի Ֆրանսիա այցի կապակցությամբ Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Փարիզին

Բակո Սահակյանի Ֆրանսիա այցի կապակցությամբ Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Փարիզին

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հղել Փարիզին՝ կապված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի Ֆրանսիա այցի հետ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան:

«Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանությունը բողոքի նոտա է հղել այդ երկրի արտաքին գործերի նախարարությունը»,- ասել է նա։

Լ. Աբդուլլաևայի խոսքով, «Ադրբեջանը կարծում է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ և ՄԽ համանախագահող Ֆրանսիան պայմաններ է ստեղծում օկուպացիոն ռեժիմի ներկայացուցչի այցի համար, և դրա շրջանակում որոշակի հանդիպումների անցկացումը, որպես օկուպացիոն ռեժիմի յուրատեսակ աջակցություն»։

«Մենք կարծում ենք, որ Ֆրանսիայի այդ քայլը կասկածի տակ է դնում իր օբյեկտիվությունը և անաչառությունը (ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում)»,– ասել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 14-ին աշխատանքային այցով ժամանել էր Փարիզ քաղաք, որտեղ հանդիպումներ է ունեցել Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի մի խումբ անդամների, ՀՅԴ Ֆրանսիայի տեղական կառույցի ղեկավարների, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի հետ, Ֆրանսահայ միությունների համակարգող խորհրդի համանախագահության հետ: Արցախի նախագահը նոյեմբերի 15-ին Փարիզում այցելել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Ֆրանսիայում կազմակերպված հեռախոսամարաթոնի կենտրոն, հանդիպել հիմնադրամի տեղական կառույցի պատասխանատուների հետ՝ Պետրոս Թերզյանի գլխավորությամբ, ինչպես նաև գործընթացում ընդգրկված կամավորների հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում