ԿԸՀ-ն երեք կուսակցության ժամանակ է տրամադրել փաստաթղթերը լրացնելու համար

ԿԸՀ-ն երեք կուսակցության ժամանակ է տրամադրել փաստաթղթերը լրացնելու համար

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 48 ժամ է տրամադրել ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող երեք՝ «Բարգավաճ Հայաստան», «Սասնա ծռեր» և «Օրինաց երկիր» կուսակցություններին՝ պատգամավորների թեկնածուների փաստաթղթերը լրացնելու համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 17-ին հանձնաժողովի արտահերթ նիստում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ այս կուսակցությունների պարագայում առաջացել է փաստաթղթերը լրացնելու համար 48 ժամ տրամադրելու անհրաժեշտություն:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու Անահիտ Արամայիսի Ստեփանյանի փաստաթղթերից բացակայում է հայերենին տիրապետելու հավաստող փաստաթուղթը կամ Կրթության և գիտության նախարարության կողմից տրված տեղեկանքը»,- ասաց Մուկուչյանը:

«Սասնա ծռեր» կուսակցության ընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու Համլետ Գոգիի Նահապետյանի փաստաթղթերից բացակայում է վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետության մշտապես բնակվելու մասին տեղեկանքը, ինչպես նաև պատգամավորի թեկնածու Ռաֆայել Միքայելի Ռոստոմյանի փաստաթղթերում բացակայում է հայերենին տիրապետելու հավաստող փաստաթուղթը կամ Կրթության և գիտության նախարարության կողմից տրված տեղեկանքը:

«Օրինաց երկիր» կուսակցության ընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու Արմինե Միշայի Բաբայանի փաստաթղթերից բացակայում է վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետության մշտապես բնակվելու մասին տեղեկանքը, իսկ պատգամավորների թեկնածու Գևորգ Սողոմոնի Հարությունյանի և Վահագն Մեխակի Սողոյանի փաստաթղթերից բացակայում է հայերենին տիրապետելու հավաստող փաստաթուղթը կամ Կրթության և գիտության նախարարության կողմից տրված տեղեկանքը»,- հավելեց նա:

Նշված ժամկետը լրանում է 2018 թվականի նոյեմբերի 19-ին` ժամը 16:00-ին:Այն կարող է բողոքարկվել վարչական դատարանում 3-օրվա ընթացքում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում