Բերդավանցիների կողմից փակված Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհն արդեն բաց է. մարզպետ

Բերդավանցիների կողմից փակված Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհն արդեն բաց է. մարզպետ

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչների կողմից փակված Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհն արդեն բաց է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը: Բնակիչները ճանապարհ փակել էին՝ պահանջելով Հայաստանի և Ադրբեջանի միջև գերու փոխանակում, մասնավորապես, նկատի ունենալով բերդավանցի 34-ամյա Կարեն Ղազարյանին:

«Մեր վարչության պետն այնտեղ է եղել, գյուղացիների հետ քննարկումների մեջ էր: Մեր միջնորդությամբ այժմ ճանապարհը բացվել է, երթևեկությունը վերականգնվել է: Այժմ ես մեկնում եմ Բերդավան Կարեն Ղազարյանի ընտանիքի հետ հանդիպելու, գյուղացիների հետ քննարկում անցկացնելու: Վաղը նորից մտադիր են ճանապարհը փակել, հիմա իրենց հետ պետք է զրուցեմ իրավիճակը հստակեցնելու համար»,- ասաց Տավուշի մարզպետը: Վահե Ղալումյանը նշեց, որ վերջին 15-20 օրը գյուղացիների հետ բանակցությունների մեջ են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում