Վալերիյ Օսիպյանը քարոզարշավի ընթացքում շրջագայելու է մարզերում

Վալերիյ Օսիպյանը քարոզարշավի ընթացքում շրջագայելու է մարզերում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը նոյեմբերի 26-ից՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավից մեկնարկից սկսած շրջագայելու է մարզերում, հանդիպումներ է ունենալու ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի շտաբների պետերի ու ռեյտինգային թեկնածուների հետ: Այդ մասին Օսիպյանը տեղեկացրեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

«Նոյեմբերի 26-ից այցելելու եմ մարզեր, հանդիպումներ եմ ունենալու մարզային կառույցների ղեկավարների հետ, հրավիրում եմ քաղաքական ուժերի շտաբների պետերին, ռեյտինգային թեկնածուներին: Հանդիպումը որևէ քաղաքական ենթատեքստ չունի, լինելու է ծառայողական-կազմակերպչական հանդիպում: Ովքեր ցանկանում են համագործակցել կներկայանան հանդիպմանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Վալերիյ Օսիպյանը՝ ավելացնելով, որ հանդիպումների ժամանակացույցի մասին լրացուցիչ կտեղեկացվի:

Հարցին, թե ինչպես է ոստիկանությունն ապահովելու ընդդիմադիր գործիչների անվտանգությունը, որովհետև օրինակ կա կարծիք, որ Արմեն Աշոտյանի նկատմամբ հանրությունը քննադատական մոտեցում ունի, Վալերիյ Օսիպյանն ասաց, որ բոլորի նկատմամբ հավասարաչափ մոտեցում է լինելու:

Հարցին, թե Սյունիքում ոստիկանությունը կաշկանդվա՞ծ է որևէ գործողություն անել, հաշվի առնելով, որ մարզպետը նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանն է, Վալերիյ Օսիպյանն ասաց. «Ով ինձ գիտի՝ գիտի, ես՝ Օսիպյանս, կաշկանդված չեմ որևէ մեկից, որևէ մեկից երկիր մոլորակի վրա ես կաշկանդված չեմ և իմ մեջ այնքան ուժ կա, և ինձ վստահված համակարգը կարող է ցանկացած խնդիր լուծել օրենքի շրջանակներում»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում