ԱԺ արտահերթ ընտրություններում ԱՊՀ դիտորդական առաքելությունը կունենա 72 ներկայացուցիչ

ԱԺ արտահերթ ընտրություններում ԱՊՀ դիտորդական առաքելությունը կունենա 72 ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում դիտորդական առաքելություն կիրականացնի ԱՊՀ երկրների 72 ներկայացուցիչ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նոյեմբերի 22-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ արտահերթ ընտրություններում ԱՊՀ դիտորդական առաքելության շտաբի ղեկավար Եվգենի Սլոբոդան:

«Առաքելության նպատակը մեկն է՝ որպեսզի ընտրություններն անցնեն հանգիստ, օրենքներին համապատասխան, և մենք ամեն ինչով կնպաստենք ազատ ու ժողովրդավար ընտրությունների անցկացմանը: Ներգրավված է լինելու շուրջ 72 դիտորդ, անցած տարի նրանց թիվը 76-ն էր, ինչն ամբողջովին բավարարեց Հայաստանի Հանրապետության համար»,– ասաց Սլոբոդան:

Շտաբի ղեկավարի խոսքով` առաքելության կազմում լավ պատրաստված անդամներ են:

«Ներկայացուցիչների կազմում պատգամավորներ են, ընտրական հանձնաժողովների անդամներ: Այս պահի դրությամբ՝ իրենց մասնակցությունը հաստատել են Բելառուսը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ղրղզստանը, Ղազախստանը, նյութեր ենք սպասում Ուզբեկստանից, Մոլդովայի Հանրապետությունից նույնպես ներկայացուցիչներ կլինեն»,– նշեց Եվգենի Սլոբոդան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում