Տիգրան Սարգսյանը ԵԱՏՄ-ի համար լուրջ հաջողություն է համարում երրորդ երկրների կողմից առևտրատնտեսական կապերը խորացնելու հետաքրքրվածության աճը

Տիգրան Սարգսյանը ԵԱՏՄ-ի համար լուրջ հաջողություն է համարում երրորդ երկրների կողմից առևտրատնտեսական կապերը խորացնելու հետաքրքրվածության աճը

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը շեշտել է գլոբալ ինտեգրացիոն այն նախագծերի վրա ուշադրություն կենտրոնացնելու կարևորությունը, որոնք հնարավորություն կտան ստեղծել եվրասիական բրենդներ և կօգնեն Եվրասիական տնտեսական միության ապրանքները դեպի երրորդ երկրների շուկաներ տեղաշարժին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Տիգրան Սարգսյանը նման կարծիք է հատնել «Եվրասիական տնտեսական ինտեգրացիա» խորագիրը կրող միջազգային կոնֆերանսի ընթացքում:

Տիգրան Սարգսյան ընդգծել է, որ Եվրասիական տնտեսական միությունն ապացուցել է իր արդյունավետությունն ու կայունությունը՝ չնայած երիտասարդ կառույց լինելու հանգամանքին: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը հիշեցրել է, որ հաջորդ տարի ԵԱՏՄ անդամ երկրները կնշեն միության ձևավորման մասին պայմանագրի ստորագրման 5-ամյակը:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ֆիքսել է փոխադարձ առևտրի աճ ԵԱՏՄ անդամ երկրների միջև, միության կառուցվածքի բարելավում և կոոպերացիոն կապերի ամրապնդում: «Դա խոսում է այն մասին, որ Միության ստեղծման մասին պայմանագրում ամրագրված հիմնական սկզբունքների իրականացումը տալիս է դրական արդյունքներ Միության տնտեսության համար»,- ասել է ԵՏՀ կոլեգիայի նախագահը:

Տիգրան Սարգսյանը ԵԱՏՄ-ի համար լուրջ հաջողություն է համարել այն հանգամանքը, որ Միության հետ առևտրատնտեսական կապերի խորացման և զարգացման հարցում հետաքրքրվածության աճ է նկատվում երրորդ երկրների կողմից: «Սա վկայում է այն մասին, որ Եվրասիական տնտեսական միությունը՝ որպես ինտեգրացիոն միավորում, կայացել է»,- նշել է Սարգսյանը:

ԵՏՀ կոլեգիայի նախագահն անդրադարձել է նաև առկա խոչընդոտներին, որոնք հարկավոր է վերացնել: Նա նշել է, որ կան խոչընդոտներ, որոնք խանգարում են 4 ազատությունների իրականացմանը: Նա նշել է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առջև նման խնդիր են դրել ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները: «Խոչընդոտներն արդյունք են անհամաձայնեցված գործողությունների: Դրա համար անդամ երկրները պետք է համաձայնեցված քաղաքականություն իրականացնեն: Համաշխարհային տնտեսության այնպիսի թրենդները, ինչպիսիք ե պրոտեկցիոնիզմը, սեփական արտադրողներին պաշտպանելը, առևտրային պատերազմները մեր Միությունում անընդունելի են»,- հայտարարել է Տիգրան Սարգսյանը:

Համաձայնեցված քաղաքականություն հիմքում պետք է ընկած լինի ազգային օրենսդրությունների ներդաշնակեցումը, այդ թվում՝ ֆինանսական ոլորտում: Տիգրան Սարգսյանն ընդգծել է նաև եվրասիական բրենդների ստեղծման անհրաժեշտությունը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում