ԿԸՀ-ն ասում է՝ քարոզչությունն իրավաչափ է

ԿԸՀ-ն ասում է՝ քարոզչությունն իրավաչափ է

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: ԿԸՀ-ն արձագանքել է ԸՕ-ի դրույթների խախտման վերաբերյալ հրապարակումներին ու ահազանգերին։ Հիշեցնենք, որ այսօր տարբեր գործիչներ ու քաղաքացիներ լուսանկարներ էին հրապարակել, ըստ որի «Իմ քայլը», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները սկսել էին նախընտրական քարոզարշավը՝ Երևանի տարբեր հատվածներում փակցնելով գովազդային վահանակներ։

ԿԸՀ-ի տարածած հայտարարության մեջ ասված է.

«Մինչև նախընտրական քարոզչության համար սահմանված ժամանակահատվածի մեկնարկը քարոզչությունն իրավաչափ է, և Ընտրական օրենսգրքի որևէ իրավանորմի խախտում առկա չէ:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարզաբանում է, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ պարբերությունների համաձայն.

«Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սույն օրենսգրքով սահմանված այն ժամանակահատվածն է, որի ընթացքում ընտրություններին մասնակցող կուսակցություններին, թեկնածուներին հավասար հնարավորություններ ապահովելու նպատակով գործում են հանրային ռեսուրսներից օգտվելու, քարոզչություն իրականացնելու և ֆինանսական թափանցիկությունն ապահովելու` սույն օրենսգրքով սահմանված կանոնները:

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածի սահմանված լինելը չի սահմանափակում սույն օրենսգրքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչության իրականացումը:

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվում է ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների, թեկնածուների գրանցման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող 7-րդ օրը և ավարտվում քվեարկության օրվանից մեկ օր առաջ: Այդ ժամանակահատվածում քարոզչությունը ստորև անվանվում է նախընտրական քարոզչություն»:

Նշված իրավանորմերից ակնհայտ է, որ ՀՀ ընտրական օրենսգիրքը սահմանել է հստակ ժամանակահատված, որն անվանվում է նախընտրական քարոզչության ժամանակահատված, և որի նկատմամբ կիրառելի են Ընտրական օրենսգրքով սահմանված կանոնները: 2018 թվականի դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվում է նոյեմբերի 26-ից և ավարտվում դեկտեմբերի 7-ին:

Հենց սա է այն ժամանակահատվածը, որի ընթացքում ընտրություններին մասնակցող կուսակցություններին, թեկնածուներին հավասար հնարավորություններ ապահովելու նպատակով գործում են հանրային ռեսուրսներից օգտվելու, քարոզչություն իրականացնելու և ֆինանսական թափանցիկությունն ապահովելու` օրենսգրքով սահմանված կանոնները:

Ավելին, օրենսգիրքն ամրագրել է, որ նշված ժամկետի սահմանված լինելը չի սահմանափակում օրենսգրքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչության իրականացումը: Այսինքն, արգելված ժամանակահատվածի մասին կարող է խոսք լինել, բացառապես մեկ դեպքում, երբ նման ժամանակահատվածն իր հստակ սահմաններով ամրագրված կլինի ընտրական օրենսգրքով: ՀՀ ընտրական օրենսգիրքը սահմանել է նախընտրական քարոզչության սկիզբն ու ավարտը, այդ ժամանակահատվածում գործող մի շարք կանոններ ու սահմանափակումներ, և չի սահմանել քարոզչության իրականացման համար արգելված ժամանակահատված կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) և թեկնածուների համար, բացառությամբ քվեարկության նախորդ օրվա և քվեարկության օրվան վերաբերող սահմանափակումը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում