«168 Ժամ». Ռուս-թուրքական հնարավոր «գործարք»՝ Ղարաբաղյան հակամարտության գոտո՞ւմ

«168 Ժամ». Ռուս-թուրքական հնարավոր «գործարք»՝ Ղարաբաղյան հակամարտության գոտո՞ւմ

«168 Ժամ» թերթի հետ զրույցում թուրք քաղաքական վերլուծաբան Ջենգիզ Աքթարը՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընի անակնկալ դիտարկումներին, ասել է. «Էրդողանի խոսնակի նմանատիպ հայտարարությունները ցույց են տալիս այն, ինչի կասկածը շատերն ունեցել են` ռուս-թուրքական համագործակցություն՝ տարբեր փուլերում Հայաստանին զիջումներ պարտադրելու նպատակով: Սակայն կարծում եմ` այս դեպքում խոսքը 2008 թվականի Ցյուրիխյան գործընթացի կամ ֆուտբոլային դիվանագիտության և դրանից ենթադրվող՝ Ղարաբաղյան հակամարտության գոտում առաջընթացի մասին էր: Այդ փուլում, եթե հիշում եք, Ռուսաստանը բավականին ակտիվ էր, թեև ֆուտբոլային դիվանագիտությունը ռուսական նախաձեռնություն չէր: Սակայն այս հայտարարությունից պարզ է դառնում, որ բուն հայ-թուրքական գործընթացին զուգահեռ՝ եղել են այլ պայմանավորվածություններ»:

Իր հերթին՝ ամերիկացի վերլուծաբան Փոլ Սթրոնսկին ասել է, որ ռուս-թուրքական «գործարք» Ղարաբաղյան հակամարտության գոտում հնարավոր է, թեև դա դեմ է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափին: Նրա խոսքով, նման գործարքների հաջողությունն է՛լ ավելի իրատեսական կդառնա տարածաշրջանում Արևմուտքի` ԱՄՆ-ի, ԵԱՀԿ ՄԽ ազդեցության և ներկայության թուլացման, հայ-ռուսական հարաբերություններում խնդիրների պարագայում:

Սթրոնսկու համոզմամբ, նման պայմանավորվածությունների մասին խոսակցությունները սովորաբար ակտիվացել են հենց նման շրջաններում:

«Հայաստանի պարագայում ներկայումս վերանայման փուլ է արտաքին քաղաքականության ոլորտում, որը փաստեցին նաև ԱՄՆ նախագահի խորհրդականի հայտարարությունները և հանդիպումները Երևանում, ինչպես նաև ՀՀ վարչապետի վերջին հայտարարությունները ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների վերաբերյալ: Դրա մասին են խոսում նաև այն խնդիրները, որոնք կան հայ-ռուսական հարաբերություններում և ՀԱՊԿ-ում: Կան հույսեր, որ փոփոխություններ կլինեն ՀՀ-ԱՄՆ հարաբերություններում, որը կունենա անդրադարձ նաև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում: Չէ՞ որ Ջոն Բոլթոնը հույս հայտնեց, որ ՀՀ-ում ընտրություններից հետո հնարավորություն կստեղծվի ԼՂ հակամարտության գոտում առաջընթացի համար»,- ասել է նա»:

Փորձագետների հետ զրույցի մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում