Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է նախընտրական քարոզարշավը

Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է նախընտրական քարոզարշավը

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Aysor.am: Այսօր Հայաստանում պաշտոնապես մեկնարկում է դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը: Այն կտևի 12 օր և կավարտվի դեկտեմբերի 7-ին:

Ընտրություններին մասնակցում է 9 կուսակցություն և երկու դաշինք: Նրանք են՝ «Իմ քայլը» և «Մենք» դաշինքները, ինչպես նաև՝ «Ազգային առաջընթաց», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Հայաստանի Հանրապետական», «Սասնա ծռեր», «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական, Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ, «Օրինաց երկիր» կուսակցությունները:

Քարոզարշավից առաջ որոշ ուժեր, անսալով Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հորդորը, այցելել են եկեղեցի և աղոթել: Մասնավորապես, եկեղեցի այցելել էին Լուսավոր Հայաստանի անդամները՝ Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ և Հանրապետական կուսակցության թեկնածուները:

Որոշ քաղաքական ուժեր արդեն իսկ հայտարարել են՝ ինչպես են սկսելու քարոզարշավը: Իմ քայլը դաշինքի ցուցակը գլխավորող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մեկնել է կարճատև արձակուրդի և ամբողջությամբ լծվել է քարոչության գործին. նա այսօր լինելու է Թալինում, Մարալիկում, Արթիկում, այնուհետև՝ Գյումրիում:

Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության թեկնածուները լինելու են Էջմիածնումմ, Սուրբ Հռիփսիմե եկեղեցուց նրանք բաց են թողնելու աղավնիներ ու քարոզարշավը շարունակեն Արմավիրի մարզի մյուս բնակավայրերում:

Լուսավոր Հայաստանի քարոզչական թիմը կբաժանվի երկու թևի. մի թևը Մարուքյանի գլխավորությամբ քարոզարշավը կսկսի Հայաստանի հարավից՝ Ագարակից, իսկ մյուս թևը Մանե Թանդիլյանի գլխավորությամբ, կմնա Երևանում և կշրջի մայրաքաղաքի վարչական շրջաններում:

Սասնա ծռեր կուսակցությունը քարոզարշավը կսկսի Ազգային ժողովի դիմաց մամուլի ասուլիսով:

Հանրապետական կուսակցությունը, ինչպես նաև մյուս ուժերը առայժմ չեն հայտարարել՝ ինչպես են սկսելու քարոզարշավը:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում