«Մենք» դաշինքն իրեն կայուն այլընտրանք է համարում գործող իշխանություններին

«Մենք» դաշինքն իրեն կայուն այլընտրանք է համարում գործող իշխանություններին

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մենք» դաշինքն առաջիկա  նտրություններին արտաքին քաղաքականության մասով իրեն այլընտրանք է համարում «Իմ քայլը» դաշինքին: Դաշինքն արտաքին քաղաքականության մասով նախատեսում է էական շրջադարձեր իրականացնել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասացին դաշինքի թեկնածուները:

«Ազատ դեմոկրատները» դաշտում միակ ընդգծված արևմտամետ, եվրոպական հայացքներ կրող կուսակցությունն է, երբևէ իր գծից չի շեղվել, դրա համար դաշինք ենք կազմել հենց այս կուսակցության հետ: Այլընտրանք ենք բոլոր կուսակցություններին և դաշինքներին, սակայն առաջին հերթին՝ վարչապետի պաշտոնակատարի ղեկավարած «Իմ քայլը» դաշինքին: Մենք կայուն այլընտրանք ենք գործող իշխանություններին: Ներկայիս իշխանությունն արտաքին քաղաքականության մասով վարում է նախկին իշխանության բռնած ուղին: Սակայն ՀԱՊԿ-ն, ԵԱՏՄ-ն ոչինչ չտվեցին Հայաստանին: Կարծում ենք, որ այդ կառույցներից Հայաստանը պետք է դուրս գա: Ըստ էության, որևէ շոշափելի արդյունք չկա դրանցից: Սակայն դուրս գալը պետք է լինի անցնցում»,-ասաց պատգամավորության թեկնածու Թեհմինա Վարդանյանն ու հավելեց, որ իրենց ծրագիրը ներկայացնելու համար թակելու են բոլորի դռները թե մայրաքաղաքում, թե մարզերում:

Թեկնածու Մանվել Ղազարյանը ներկայացրեց հիմնավորումներ, թե ինչու են արևմտամետ: «Առավել զարգացած ավանդույթներն արևմտյան պետություններն են կառուցել: Մենք պետք է վերցնենք լավագույնը: Մարդը մեզ համար բացարձակ և բարձրագույն արժեք է: Այդ երկրներից պետք է վերցնենք մարդու իրավունքների պաշտպանության մոդելը»,-նշեց նա:

Ղազարյանն ասաց, որ խնդիր է ապացուցել, թե որքան ՀԱՊԿ-ն է Հայաստանին անհրաժեշտ, նույնքան էլ Հայաստանն է անհրաժեշտ ՀԱՊԿ-ին: Անդրադառնալով Արցախի հարցի լուծմանը՝ նա նշեց, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը հարգելով միայն պետք է հարցը լուծվի: «Խաղաղ կարգավորման եղանակով պետք է լուծվի հարցը, սակայն մինչ դա պետք է լուծվեն ընթացիկ հարցեր` հարևան պետության պահվածքը: Դրա համար մեզ անհրաժեշտ է ունենալ հզոր պետություն և հզոր բանակ: Պետք է ստեղծենք պայմանագրային զորագնդեր, որ 18-ամյա զինծառայողները չպահպանեն առաջին գիծը»,-նկատեց Ղազարյանը:

Թեհմինա Վարդանյանը տեղեկացրեց, որ կուսակցության կարգախոսն է «Առաջինը Հայաստանն է»-ն: Նա կարևորեց, որ ժողովուրդն իսկապես կարդա, ծանոթանա դաշինքների, կուսակցությունների ծրագրերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում