Արման Թաթոյանը քրեակատարողական և պայմանական վաղաժամկետ ազատման համակարգերում խնդիրներ է տեսնում

Արման Թաթոյանը քրեակատարողական և պայմանական վաղաժամկետ ազատման համակարգերում խնդիրներ է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խնդիրներ է տեսնում՝ կապված Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պայմանական վաղաժամկետ ազատման համակարգերում, ինչպես նաև հոգեբուժարաններում հարկադիր և սեփական կամքով բուժում ստանալու հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նոյեմբերի 28-ին տեղի ունեցավ Խոշտանգումների կանխարգելման ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի 10-ամյա գործունեությանը նվիրված միջազգային համաժողով:

Լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով այս տարիների ընթացքում ձեռքբերումներին՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նշեց, որ միջազգային ասպարեզում իրենց կատարած աշխատանքի շնորհիվ բարձր ձեռքբերումներ են եղել:

«Մի քանի գործերով մենք հանդիսացել ենք երրորդ կողմ և միջամտել ենք Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում: Մենք Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին ներկայացնում ենք հատուկ դիրքորոշումներ, որոնք մեր գնահատականներն են, օրինակ՝ արդյոք երկիրը կատարո՞ւմ է մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճիռները: Ներկայացրել ենք զինծառայողների իրավունքների հատուկ դիրքորոշում, խոշտանգումների կանխարգելման և մի շարք այլ գործերով: Դրանից բացի, Եվրոպայի խորհրդի կողմից մեր փորձն առաջարկվել է Միջին Արևելքի, Կենտրոնական Ասիայի, Հյուսիսային Աֆրիկայի և Եվրոպայի մի քանի երկրների, որոնք այժմ այն ուսումնասիրում են ներդնելու համար»,- ասաց Թաթոյանը:

Նրա խոսքով՝ ոլորտում դեռ շատ խնդիրներ կան, օրինակ՝ քրեակատարողական համակարգում, պայմանական վաղաժամկետ ազատման համակարգում պետք է լինի բարձր արդյունավետություն:

«Գլխավոր խնդիրներից մեկը ես համարում եմ մարդուն ազատ արձակման նախապատրաստման մեխանիզմի արդյունավետ աշխատանքը: Վերջերս Կառավարությունը հաստատեց Արդարադատության նախարարության հետ համատեղ մեր մշակած փաթեթը, որն ուղղված է այս համակարգի կատարելագործմանը: Պայմանական վաղաժամկետ ազատման ոլորտին այս տարիների ընթացքում չի ցուցաբերվել համապատասխան և բավարար ուշադրություն»,- շեշտեց ՀՀ ՄԻՊ-ը:

Խնդիրներից նա առանձնացրեց նաև հոգեբուժարաններում հարկադիր և սեփական կամքով բուժում ստանալու հետ կապված խնդիրները: Թաթոյանն ընդգծեց, որ արդեն իսկ աշխատանքներ են իրականացվում ՀՀ առողջապահության նախարարության հետ:

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն ասաց, որ իրենց կառույցի և ՄԻՊ-ի միջև ձևավորվել է կառուցողական և մարդակենտրոն գործունեության մթնոլորտ:

«Ձևավորված այդ հարաբերությունների արդյունքում շահում են մարդը և իրավունքը: Մեզ համար առաջնահերթություն է վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորման կանխարգելումն ու անպատժելիության դեմ պայքարի ամրապնդումը: Շարունակական քայլեր են ձեռնարկվում ոլորտը բարեփոխելու և այն ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխանեցնելու ուղղությամբ»,– նշեց Զեյնալյանը:

Նրա խոսքով՝ խոշտանգումների կանխարգելման հիմնահարցի շրջանակում նախատեսվում է համաներում մշակել խոշտանգում կատարած անձանց նկատմամբ, ինչպես նաև այդ արարքի անպատժելիությանը հանգեցնող այլ համարժեք միջոցներ կիրառելու արգելք նախատեսելու իրավական ակտի նախագիծ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում