ՍԾՏՀ ԽՎ Գլխավոր վեհաժողովի 52-րդ լիագումար նիստն ավարտել է աշխատանքը

ՍԾՏՀ ԽՎ Գլխավոր վեհաժողովի 52-րդ լիագումար նիստն ավարտել է աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Նոյեմբերի 28-ին շարունակվել են ՍԾՏՀ ԽՎ Գլխավոր վեհաժողովի 52-րդ լիագումար նիստի աշխատանքները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, նիստի սկզբում ՍԾՏՀ ԽՎ նախագահ, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Ալբանիայի Ազգային օրվա կապակցությամբ շնորհավորել է Ալբանիայի պատվիրակությանը եւ ողջ ալբանացի ժողովրդին՝ մաղթելով խաղաղություն եւ բարգավաճում:

Արա Բաբլոյանը տեղեկացրել է, որ ՍԾՏՀ ԽՎ Գլխավոր վեհաժողովի հաջորդ՝ 53-րդ լիագումար նիստը կանցկացվի 2019 թվականի հունիսին՝ Բաքվում:

Նիստում ռոտացիոն կարգով ՍԾՏՀ ԽՎ նախագահությունը փոխանցվել է Ադրբեջանի Միլլի մեջլիսին:

ՍԾՏՀ ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Էլդար Գուլիեւը շնորհակալություն է հայտնել ՍԾՏՀ ԽՎ նախագահ, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին` Վեհաժողովի աշխատանքները բարձր մակարդակով կազմակերպելու համար:

ՍԾՏՀ ԽՎ 52-րդ Գլխավոր վեհաժողովի եզրափակիչ ելույթով հանդես է եկել Արա Բաբլոյանը:

«Հարգելի գործընկերներ, եզրափակելով ՍԾՏՀ ԽՎ Գլխավոր վեհաժողովի 52-րդ լիագումար նիստի աշխատանքը, որն անցկացվում է աշխարհում եւ այդ թվում մեր տարածաշրջանում տեղի ունեցող բարդ տնտեսական ու քաղաքական իրավիճակում, ցանկանում եմ մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնել բոլոր ազգային պատվիրակություններին՝ Երեւան ժամանելու եւ Վեհաժողովի աշխատանքին ակտիվ մասնակցության, ինչպես նաեւ մեր հանդիպման հաջողության գործում մեծ ներդրման համար:

Այս օրերին քննարկվել է հարցերի լայն շրջանակ: Մենք վերահաստատեցինք խորհրդարանների կարեւոր դերը տարածաշրջանային տնտեսական համագործակցության զարգացման գործում:

Վստահ եմ, որ արդյունավետ քննարկումների ընթացքում հնչած կարծիքներն ու առաջարկությունները հաշվի կառնվեն Վեհաժողովի հետագա աշխատանքում: Իսկ քննարկումների գործնական եւ կառուցողական մթնոլորտը կտիրի Վեհաժողովում նաեւ ապագայում:

Կարծում եմ, որ նիստն արդյունավետ եւ բեղմնավոր էր մեր խորհրդարանների միջեւ համագործակցության խորացման առումով:

Վստահ եմ, որ հայկական պատվիրակությունը հետագայում եւս մեծ ներդրում կունենա խորհրդարանական վեհաժողովի աշխատանքում եւ կշարունակվի սերտ համագործակցությունը ՀՀ Ազգային ժողովի, խորհրդարանական վեհաժողովի եւ ՍԾՏՀ անդամ պետությունների խորհրդարանների միջեւ:

Թույլ տվեք նաեւ գոհունակություն հայտնել «ՍԾՏՀ անդամ պետություններում փոքր բիզնեսի զարգացումն ու աջակցությունը», «ՍԾՏՀ տարածաշրջանում տուրիզմի զարգացման ներկա եւ ապագա հեռանկարները», «Արհեստակցական միությունների դերը ՍԾՏՀ տարածաշրջանում տնտեսական համագործակցության ամրապնդման գործում» ընդունված առաջարկությունների առնչությամբ:

Հուսով եմ, որ արդիական հարցերի հետագա քննարկումները հնարավոր կլինեն կառուցողական երկխոսության ոգով, առանց ավելորդ քաղաքականացման: Վստահ եմ, որ նման քննարկումները նպաստավոր պայմաններ եւ հնարավորություններ կստեղծեն անխռով, լիարժեք, արդյունավետ համագործակցության եւ խորհրդարանականների միջեւ ազատ հաղորդակցության համար:

Այսօր ավարտվում է ՍԾՏՀ ԽՎ-ում Հայաստանի նախագահությունը եւ ռոտացիոն սկզբունքի համաձայն՝ այն անցնում է Ադրբեջանի խորհրդարանին:

Հուսով ենք, որ ՍԾՏՀ ԽՎ-ում Ադրբեջանի նախագահությունը հաջող կընթանա եւ կշարունակի Սեւծովյան տնտեսական համագործակցության նպատակներին ու խնդիրներին հասնելու գործընթացը:

Համոզված եմ, որ համատեղ ջանքերով եւ ՍԾՏՀ ԽՎ-ի ներուժի լիարժեք օգտագործմամբ հնարավոր է շատ բանի հասնել` ի օգուտ Սեւծովյան տարածաշրջանի եւ այնտեղ բնակվող բոլոր ժողովուրդների:

Կարեւորելով ազգային խորհրդարանները՝ որպես ժողովրդավարության հիմք, ցանկանում եմ ընդգծել, որ միայն համագործակցության եւ համատեղ գործողությունների միջոցով կարելի է հասնել ՍԾՏՀ ԽՎ նպատակներին:

Մենք պարտավոր ենք համատեղ գործողություններ իրականացնելու հարցում բավականաչափ կամք ցուցաբերել, չնայած մեր տարաձայնություններին, եւ միավորվել խնդիրները լուծելու եւ հնարավորություններն իրականացնելու համար, ինչպես նաեւ՝ առաջնահերթ խնդիրներ քննարկելու հարցում, որոնք պահանջում են համատեղ լուծումներ եւ ջանքերի միավորում՝ մեր ժողովուրդների համար ավելի լավ ապագա կերտելու նպատակով:

Թույլ տվեք մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնել բոլորիդ ՍԾՏՀ ԽՎ 52-րդ Գլխավոր վեհաժողովին մասնակցելու համար: Հայտարարում եմ լիագումար նիստը փակված: Ցանկանում եմ մաղթել բոլորին մեծ հաջողություններ եւ լավագույնը, ինչպես նաեւ անվտանգ վերադարձ հայրենիք»:

ՍԾՏՀ ԽՎ Գլխավոր վեհաժողովի 52-րդ լիագումար նիստն ավարտել է իր աշխատանքը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում