ՉԺՀ դեսպանը Հայաստանում չինարենին լավ տիրապետելը հայ-չինական հարաբերությունների խորացման խթան է համարում

ՉԺՀ դեսպանը Հայաստանում չինարենին լավ տիրապետելը հայ-չինական հարաբերությունների խորացման խթան է համարում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-չինական հարաբերությունների դինամիկ զարգացման ֆոնին չինարենի լավ տիրապետումը կխթանի դրանց խորացումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հայ-չինական բարեկամության դպրոցում ՀՀ-ում Չինաստանի դեսպանատան կողմից նախաձեռնած մրցանակների հանձնման արարողության ժամանակ այս մասին նշեց Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիեն Ըրլոնգը:

«Մենք շատ ուրախ ենք ներկա գտնվելու չինարենն ուսումնասիրող ուսանողների եւ դասավանդող մանկավարժների առաջին պարգևատրման արարողությանը: Դեսպանատան անունից սրտանց շնորհավորում եմ մրցանակակիրներին և անկեղծ գոհունակություն եմ հայտնում այն մարդկանց, ովքեր աջակցում են չինարենի ուսուցմանը և մշակույթի տարածմանը»,– ընդգծեց Ըրլոնգը:

Նրա խոսքով` չնայած Հայաստանը և Չինաստանը իրարից գտնվում են շատ հեռու, բարեկամական կապերը երկու երկրների և ազգերի միջև գալիս են դարերի խորքից, և նոր պատմական իրողությունների պայմաններում բազմակողմանի կապերը դինամիկ զարգանում են:

«Այս տարի Հայաստանի և Չինաստանի միջև առևտրի ծավալը 30 տոկոսով աճել է, և Չինաստանը համարվում է Հայաստանի երկրորդ առևտրային գործընկերը: Չինացի զբոսաշրջիկների թիվը Հայաստանում առաջին կիսամյակում աճել է 90 տոկոսով: Լեզուն ավանդույթի և մշակույթի կրողն է, որն խթանում է փոխադարձ փոխըմբռնման եւ համակրանքը երկու ազգերի միջև: Ես համոզված եմ, որ մեր հարաբերությունների բուռն զարգացման ֆոնին լավ յուրացված չինարենը շատ օգտակար կլինի հետագա հարաբերությունների զարգացման համար»,– եզրափակեց դեսպանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում