Բազմաթիվ ծրագրեր ենք սկսել, որոնք կիսատ են մնացել. Իշխան Սաղաթելյան

Բազմաթիվ ծրագրեր ենք սկսել, որոնք կիսատ են մնացել. Իշխան Սաղաթելյան

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների, քարոզարշավի անցկացման, իր առաջադման պատճառների և այլ հարցերի շուրջ հարցազրույց Գեղարքունիքի նախկին մարզպետ, ՀՅԴ ցուցակով պատգամավորության թեկնածու Իշխան Սաղաթելյանի հետ:

Իշխան Սաղաթելյանը 2002-2006թթ. եղել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ատենապետ, 2006-2007թթ. ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, 2008-2009թթ. աշխատել է ԱԺ-ում` որպես ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական, 2009-2012թթ. եղել է ԱԺ պատգամավորի օգնական: 2006թ. հիմնադրել է «Իմպերիա սերվիս» ընկերությունը: 2016-2018 թթ. եղել է ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական, 2018 թ հունիս-հոկտեմբեր ամիսներին` Գեղարքունիքի մարզպետ:

-Պարո´ն Սաղաթելյան, ո՞րն է առաջադրվելու պատճառը: Կարճ ժամանակով նշանակվեցիք Գեղարքունիքի մարզպետ, դա ի՞նչ դեր ունեցավ առաջադրվելու համար:

– Որոշեցի առաջադրվել ռեյտինգային ընտրակարգով Գեղարքունիքում, որովհետև համարում եմ, որ մարզում ասելիք և անելիք ունեմ: Ես մարզի բոլոր խնդիրներին տիրապետում եմ, գիտեմ խնդիրների լուծման ճանապարհները, բանաձևերը: Եթե մարզի ժողովուրդը մարզպետ եղած ժամանակ գնահատել է իմ կատարած աշխատանքը, կտա ինձ այդ վստահության քվեն, որպեսզի կիսատ մնացած գործերը կարողանամ շարունակել, այս անգամ` որպես պատգամավոր, և վստահ լինեմ, որ մարզին վերաբերող ցանկացած հարց բարձրացվելու է, և դրանց լուծման ճանապարհները գտնվելու են:

Մեր մարզը Հայաստանի ամենամեծ մարզերից մեկն է, ունի բազմաթիվ կուտակված խնդիրներ: Մեկ հարցազրույցը քիչ է` ներկայացնելու համար այն բոլոր խնդիրները, որոնք կան մարզում: Կարևորը` ես շրջան-շրջան, գյուղ առ գյուղ գիտեմ, թե որտեղ ինչ խնդիր կա, և այդ խնիրները որքան են հրատապ: Պատրաստակամ եմ այդ խնդիրների լուծման ուղղությամբ աշխատանք տանել:

-Շա՞տ են կիսատ թողնված ծրագրերը:

-Այո, բազմաթիվ ծրագրեր ենք սկսել, որոնք կիսատ են մնացել: Օրինակ` մենք մարզում լավ նախաձեռնություն էինք սկսել. 90-ից ավելի բնակավայրեր ունենք, և պատրաստում էինք բոլոր բնակավայրերը ներառող ինտերակտիվ քարտեզ, որ հստակ լինի` որ գյուղում ինչ խնդիրր կա, ինչ տվյալներ ունի բնակավայրը, որոնք են խնդիրների լուծման ճանապարհները: Այդ ամենն արվելու էր գյուղերում, քաղաքներում քննարկումների արդյունքում: Դա կարևոր է նաև այն առումով, որ ցանկացած պաշտոնյայի փոփոխությունից հետո ցանկացած մեկի առջև դրված լինեին մարզի` առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները, դրանց լուծման ճանապարհները: Բազմաթիվ են ծրագրերը, որոնք կիսատ են մնացել, հույս ունեմ, որ փոխարինողները պատշաճ ավարտին կհասցնեն:

-Կարճ ժամանակ եք մարզպետ եղել, մարզի բնակիչների շրջանում հասցրե՞լ եք այնքան վստահություն ձեռք բերել, որ Ձեզ վստահեն իրենց քվեն:

-Ես գրասենյակային պաշտոնյա չեմ եղել, ինձ բոլորը գիտեն: 50-ից ավելի բնակավայրեր եմ այցելել, առավելագույնս փորձել եմ շփվել բնակչության հետ, խնդիրներին ծանոթանալ հենց տեղում, այլ ոչ թե զեկույցների միջոցով, ձգտել եմ դրանց լուծում գտնել: Անշուշտ, բազմաթիվ բաներ հաջողվել են, մի շարք բաներ էլ չեն հաջողվել պետության ֆինանսական միջոցների բացակայության պատճառով: Բայց ինձ հետ հանդիպելու խնդիր մարզի որևէ բնակիչ չի ունեցել: Բացի քաղաքացիների ընդունելության համար նախատեսված օրերից, ես յուրաքանչյուր աշխատանքային օր մի քանի ժամ հատկացրել եմ մարդկանց հանդիպելուն, լսելուն, քննարկելուն: Մեծ մասը գոնե ճանաչում է ինձ ոչ միայն խոսքով, այլ նաև գործի մեջ: Ես կարծում եմ, որ դա առավելություն է:

-Քարոզարշավին կարճ ժամանակահատված է տրված, կհասցնե՞ք շփվել ընտրողների հետ, ներկայացնել ծրագրերը, արժանանալ նրանց վստահությանը:

-Ամենամեծ պրոբլեմներից մեկը դա է, որ քարոզարշավին հատկացված ժամանակահատվածը շատ կարճ է, եղանակային պայմանները` շատ վատ, օրը` կարճ. հանդիպումների առումով դժվարություն ունենալու ենք: Փորձում ենք օգտվել նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններից` սոցցանցերի և այլ միջոցներով հասանելի լինել ազգաբնակչությանը, ներկայացնել մեր ծրագրերը, որ մարդիկ կարդալու, համեմատություն անելու հնարավորություն ունենան:

-Երկու ամիս է անցել Երևանի ավագանու ընտրություններից: Դաշնակցությունը չհաղթահարեց անցողիկ շեմը, հիմա ի՞նչ ակնկալիքներով եք գնում խորհրդարանական ընտրություններին:

– Երևանի ավագանու ընտրություններն այլ ընտրություններ էին: Այն վերածվեց սևի և սպիտակի ընտրության, և երևանցիները քաղաքապետ ընտրելու չգնացին, գնացին հեղափոխությանն ասելու` այո կամ ոչ: Այդ պատճառով էլ ունեցանք այդ արդյունքը: Կարծում եմ` համապետական ընտրության ժամանակ բոլորովին այլ արդյունք է լինելու: Այն տեսակետ ունեցողներին էլ, թե Դաշնակցությունը չի հաղթահարի անցողիկ շեմը, չի մտնի խորհրդարան, պետք է ընդամենը հիշեցնեմ` Դաշնակցությունն ամբողջ ՀՀ-ում ունի կազմակերպչական կառույց, ունի կուսակցական միավորներ, կուսակցական գրասենյակներ, և, ի տարբերություն շատ-շատերի, այսօր գյուղ առ գյուղ ընկած մարդկանց չի անդամագրում, նոր կառույց չի ստեղծում, որ պատրաստվի ընտրություններին: Նաև` ի տարբերություն շատ-շատերի, մեր կուսակցության անդամների թիվը պայմանավորված չէ` իշխանություն կլինենք, անդամները կշատանան, չենք լինի, կպակասեն: Մենք կայուն կառույց ունենք, որը հստակ քայլերով և գործողություններով գնում է դեպի ընտրություններ:

-Ինչո՞ւ ընտրողը պետք է քվե տա ՀՅԴ-ին:

-ՀՅԴ-ի` խորհրդարանում լինելու հանգամանքը շատ կարևոր է: Դաշնակցությունը հայ ժողովրդի, Հայաստանի, Արցախի, նաև Սփյուռքի գոյատևման երաշխավորն է: Գուցե այս բառերը մի քիչ բարձրագոչ են, բայց դա մեր պատմությունն է,մեր անցյալն է, և մենք դա մեր անցած ճանապարհով ենք ապացուցել: Հիմա շատերն ասում են` ժողովրդի հետ եղեք: Պետք է ասեմ` Դաշանցկությունը միշտ է ժողովրդի հետ եղել, եթե շատերը փորձում են նոր լինել, մենք միշտ ենք եղել: Գուցե շատ հարցերում հիմա մի քիչ անհասկացվածության խնդիր կա, բայց դա ժամանակի հարց է: Այստեղ շատ կարևոր է հիշել, որ մեկուկես տարի առաջ մի կուսակցություն էր ասում` մեր դեմ խաղ չկա, դրանից մի քանի տարի առաջ` մեկ այլը, 20 տարի առաջ ՀՀՇ-ն էր ասում` մեր դեմ խաղ չկա: Ո՞ւր են դրանք, բայց Դաշնակցությունը կա ու կլինի:

– Դաշնակցականները միշտ խոսում են կուսակցության տարիքի, փորձառության մասին, նշում են` միշտ կանք, կլինենք, բայց արդյո՞ք դրանք բավարար գործոններ են, որ ընտրողը վստահի Դաշնակցությանը:

– Տեսեք` Դաշնակցությունն ունի անցած ճանապարհ, պատմություն, ունի նաև ապագա: Քաղաքացիները մեզ ձայն չպիտի տան միայն մեր անցյալի համար, մենք մեր ներկայով էլ ենք ապացուցել, որ արժանի ենք մեր ժողովրդի քվեին, ու մեր երկրում, ընդհանրապես` հայ ժողովրդի կյանքում անելիք և ասելիք ունենք: Վերջերս տարբեր առիթներով շահարկում են Դաշնակցության անցած ճանապարհը, քայլերը և այլն: Մենք մեր 128 տարվա յուրաքանչյուր օրվա համար կարող ենք պատասխան տալ: Մենք ունեցել ենք թերացումներ, բացթողումներ, վրիպումներ, բայց երբեք չենք արել մի քայլ, որը ճակատագրական լինի մեր ժողովրդի, պետության, հայրենիքի համար: Շատ կարևոր է, որպեսզի սա բոլորը հասկանան:

-Քաղաքական ուժերը քարոզարշավի ընթացքում շեշտը դնում են ոչ թե իրենց գաղափարների, ծրագրերի վրա, այլ մնացած ուժերին քննադատելու: Ինչպե՞ս եք Դուք իրականացնում քարոզարշավը:

-Իշխող ուժը պետք է ներկայացնի, թե ինչպես է պատկերացնում երկրի ղեկավարումը առաջիկա 5 տարիների ընթացքում, նաև մյուս բոլոր քաղաքական ուժերը պետք է ունենան հստակ ծրագրեր, և ամեն ինչ պետք է անենք, որ սա սև ու սպիտակի ընտրություն չլինի: Այսօր երկրում գոյություն ունեցող էյֆորիան դրա համար քիչ հնարավորություն է ստեղծում, բայց ընտրարշավը պետք է օգտագործենք արդյունավետ, որ մեր ժողովուրդը կարողանա ծրագրերին նայել:

Այստեղ կարևոր մի հարց էլ կա. բոլորը կարող են գեղեցիկ ծրագրեր գրել, բայց կարևոր է նաև, թե ով է ներկայացնում, և ովքեր են իրականացնելու այդ ծրագրերը: Քաղաքական ուժերը պետք է ցույց տան, որ ունեն կադրային բազա` փորձառու, պատրաստված, գրագետ կադրեր, որոնք իրականացնելու են այդ ծրագրերը: Գոնե մենք գաղափարական, ծրագրային քարոզարշավ ենք իրականացնում:

-Ինչպե՞ս եք հակազդում էյֆորիային:

-Էյֆորիայի դեմ պայքարելու հարց չկա, պարզապես պետք է ժողովրդի աչքերը մի քիչ բացել, որ իրականությունը տեսնեն: Դա պետք է անենք` մեր ծրագրերը ներկայացնելով, բացատրելով: Մենք ընտրարշավ չենք իրականացնում մեկին սևացնելու, մեկին «խփելու» համար, որ ուրիշի քվեն ստանանք: Մենք ներկայացնում ենք մեզ, բայց նաև չենք խուսափելու սուր քննադատություն հնչեցնել բոլոր այն կուսակցությունների ու նրանց ծրագրերի հասցեին, որոնց հետ սկզբունքային տարաձայնություն կունենանք:

-Դուք սոցիալիստական կուսակցություն եք` ձախակողմյան, ընտրողն այդ տարբերությունը տեսնո՞ւմ է կամ կարևորո՞ւմ է այդ հանգամանքը:

-Դժբախտաբար, մեզ ժողովուրդը ճանաչում է միայն որպես ազգային կուսակցություն, բայց ոչ` որպես սոցիալիստական արժեքներ դավանող և այդ արժեքները կրող կուսակցություն: Այստեղ ունենք թերացում, և մեր ազգաբնակչությունն այս տեսանկյունից մեզ չի դիտարկում, այսինքն` այդ կողմից մարդիկ մեզ չգիտեն, թեև մենք ունենք լավագույն սոցիալ-տնտեսական հայեցակարգը, որը վերջին ամիսներին վերաթարմացվել է: Այս քարոզարշավին փորձելու ենք դա էլ հասանելի դարձնել մեր ազգաբնակչությանը:

-Ի՞նչ ուղերձ ունեք ընտրողին:

– Ընտրողին կասեմ, որ Դաշնակցության ներկայությունը խորհրդարանում շատ կարևոր է: Դաշնակցությունը Արցախի, Հայաստանի, Սփյուռքի գոյատևման և բարգավաճման, անվտանգության երաշխավորն է: Գուցե ինչ-որ տեղեր ճիշտ չենք հասկացվում, բայց դա ժամանակի հարց է: Իրականում Դաշնակցության կարիքն ունեն մեր ժողովուրդը, մեր եկեղեցին, մեր բանակը, մեր պետությունը: Անկախ նրանից, թե մենք ինչ արդյունք կգրանցենք, ՀՅԴ-ի գործունեությունը խորհրդարանում լինելով պայմանավորված չէ: Թեև ես վստահ ասում եմ, որ մենք բավականին լավ արդյունք ենք ունենալու: Մենք թիթեռի կյանք ունեցող կուսակցություններից և դաշինքներից չենք, որ, հոպ, ստեղծվեցինք, մտանք խորհրդարան կամ չմտանք, լուծարվեցինք, որ հաջորդ ընտրություններին տեսնենք, թե որ մեկս ում հետ է միանում, այդ 5%-ը ինչպես ենք հաղթահարում: Մենք նման խնդիր չունենք, մենք վստահաբար մտնելու ենք խորհրդարան, և հաջորդ ընտրություններին ձգտելու ենք շատ ավելի մեծ քվեի, որովհետև մեր գործողություններով ենք ապացուցելու, որ դրան արժանի ենք:

-Պատրաստվո՞ւմ եք այնպիսի առաջարկ անել քարոզարշավի ընթացքում, որ, այսպես ասած, բում առաջացնի:

-Մենք երբեք պոպուլիստական, ժողովրդի ականջին հաճո հայտարարություններ չենք անում, որ քվե ստանանք, հետո էլ ասենք` կներեք չստացվեց: Մենք իրականության մեջ ապրող կազմակերպություն ենք ու հաճախ բաներ ենք ասում, որ գիտենք` այդ պահին ժողովրդի մի մասի ականջի համար գուցե հաճելի չէ: Մենք եթե գտնում ենք, որ դա է ճիշտը, իրականությունն ասում ենք, որովհետև մենք քաղաքական կազմակերպություն ենք ու պարտավոր ենք դա ասել, ոչ թե շարժվել օրվա, պահի ազդեցությամբ, տվյալ վայրկյանին մարդկանց ականջներին հաճելի բառեր ասել, բայց վաղը դրա համար պատասխան չկարողանանք տալ, հետևաբար` մենք շատ կոնկրետ, հստակ ներկայացնում ենք մեր սկզբունքային, գաղափարական ծրագրերը` մեր տեսակով գնալով առաջ: Իսկ մեր գաղափարների ու մոտեցումների հետևորդներ հաստատ կան մեր երկրում, և նրանք քիչ չեն:

-ՀՅԴ-ականները հաճախ են շեշտում, որ ազգային կուսակցություն է Դաշնակցությունը, դրա համար նաև ընտրողը պետք է վստահի ձեզ, այսինքն` այդ դաշտում ինչ-որ վտա՞նգ եք տեսնում:

-Անշուշտ, մենք այս ընթացքում մի քանի հայտարարություններ արել ենք դրա մասին: Մեզ համար ազգային արժեքների պահպանումը, հայ ընտանիքը, եկեղեցին, բանակը, Արցախը ազգային են, և այո, մենք ունենք մտահոգություններ, այդ պատճառով էլ մենք այդ դաշտը կարևորում ենք: Իսկ, ընդհանրապես, բոլորը շատ լավ գիտեն, որ, եթե Դաշնակցությունը, իրավիճակներից ելնելով, ինչ-որ բանի վրա ինչ-որ ժամանակահատվածում աչք է փակել, բայց սկզբունքային, գաղափարական, ազգային հարցերում երբեք հետքայլ չի արել ու չի անի: Դա մեր անցած ճանապարհով ենք ապացուցել` 2009 թվականին` հայ-թուրքական արձանագրությունների ժամանակ, շատերը մոռացել են 1990-ական թվականներին Դաշնակցության մասնակցությունը ազգային ազատագրական պայքարին, 2016 թվականի ապրիլին մեր շարքերն իրար հերթ չէին տալիս` շուտ Արցախ հասնելու համար. մեր Երիտասարդական միության` 17- 20 տարեկան տղերքը, երբ ասում էին` դու մյուս խմբի հետ կգաս, ընդվզում էին, այսինքն` մենք այդ հարցերում անփոխարինելի ենք:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում