Եվրոպական հանձնաժողովի հետ ուղիղ համագործակցության հաստատումը շարունակում է մնալ ԵՏՀ օրակարգում

Եվրոպական հանձնաժողովի հետ ուղիղ համագործակցության հաստատումը շարունակում է մնալ ԵՏՀ օրակարգում

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական հանձնաժողովի հետ ուղիղ երկխոսության և համագործակցության հաստատումը եղել և մնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առաջնահերթություններից մեկը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԵԱՏՄ անդամ երկրների լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանն այս մասին ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

«Մեր ջանքերի շնորհիվ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Եվրոպական հանձնաժողովի, ինչպես նաև Ռուսաստանում Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցչության միջև կա տեխնիկական երկխոսություն»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Դրա մեկնարկայի կետը կարելի է համարել 2017թ. հոկտեմբերին ԵԱՀԿ մշտական խորհրդում Տիգրան Սարգսյանի ելույթը, որի արդյունքներով Եվրոպական հանձնաժողովի մշտակա ներկայացուցիչը հայտարարել է Եվրասիական և Եվրոպական հանձնաժողովների միջև տեխնիկական կարգավորումերի և փոխադարձ առևտրի վերաբերյալ փոխգործակցության մեկնարկի մասին:

Տիգրան Սարգսյանն անդրադարձել է նաև երրորդ երկրների հետ համագործակցությանը՝ շեշտելով, որ առևտրատնտեսական համաձայնագրերը Եվրասիական տնտեսական միության և անդամ երկրների բիզնեսի համար «հնարավորությունների պատուհան» ստեղծող կարևոր մեխանիզմ են: ԵՏՀ կոլեգիայի նախագահը ներկայացրել է, որ Միության ադամ երկրները 2018թ. Չինաստանի հետ կնքել են առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր: Իրանի հետ ժամանակավոր համաձայնագիրը, որը հանգեցնելու է այդ երկրի հետ ազատ առևտրի գոտու ձևավորմանը, գտնվում է ԵԱՏՄ անդամ երկրների կողմից վավերացման փուլում և կարող է ուժի մեջ մտնել 2019թ.:

Տիգրան Սարգսյանն անդրադարձել է նաև այլ ինտեգրացիոն միությունների հետ համագործակցությանը: Նա հայտնել է, որ Հարավային Ամերիկայի երկրների ընդհանուր շուկայի հետ հուշագիր կստորագրվի այս տարվա դեկտեմբերին: Նրա խոսքով՝ Լատինական Ամերիկայի երկրները մեծապես հետաքրքրված են այդ եղանակով ոչ միայն ԵԱՏՄ անդամ երկրների, այլ նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ ուղիղ փոխգործակցությամբ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում