ՀԱՊԿ գագաթնաժողովը չի կայանա, մասնավորապես, հայկական կողմի խնդրանքով. Կրեմլ

ՀԱՊԿ գագաթնաժողովը չի կայանա, մասնավորապես, հայկական կողմի խնդրանքով. Կրեմլ

 ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպումը, որը պետք է տեղի ունենար դեկտեմբերի 6-ին, չեղյալ է հայտարարվել՝ հաշվի առնելով Հայաստանի համապատասխան խնդրանքը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Հաշվի առնելով, մասնավորապես, հայկական կողմի խնդրանքը, որ նախընտրական շրջան է, որը կավարտվի դեկտեմբերի 9-ին, որոշեցինք ՀԱՊԿ գագաթնաժողով չանցկացնել», – ասել է Յ. Ուշակովը լրագրողներին:

Նա նշել է, որ այդպիսով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կշարունակի կատարել Վալերի Սեմերիկովը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում նախատեսվող ՀԱՊԿ գագաթնաժողովն առաջարկել է հետաձգել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Մեր վերջին հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահը առաջարկեց, որ քանի որ այսպիսի իրավիճակ է, ամսի 6-ի ՀԱՊԿ գագաթաժողովը չանենք, որպեսզի աշխատանքային կարգով քննարկենք լուծումները, հետո նոր պատրաստի լուծումներով գնանք։ Ես համաձայնեցի, որովհետև կարծում եմ՝ աշխատանքային ընթացակարգերով այդ հարցը լուծելը ավելի ճիշտ է։ Մենք կշարունակենք աշխատանքային քննարկումները, մինչեւ որևէ կոնսենսուսի հասնելը», – լրագրողներին ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում