AM | RU
USD
EUR
RUB

Գնաճային ցածր միջավայրը մոտական ամիսներին պահպանվելու է. ԿԲ խորհրդի անդամ

 
 

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանն արձանագրում է, որ այսօր գնաճի ցուցանիշները իրենց կանխատեսումներից ցածր են: «Արմենպրես»-ին տված հարցազրույցում Արթուր Ստեփանյանն ընդգծում է, որ գնաճային ցածր միջավայրը մոտական ամիսներին պահպանվելու է և միջնաժամկետ հատվածում արդեն կկայունանա իր նպատակի՝ 4 տոկոսի շուրջ: Սա թույլ է տալու, որ Կենտրոնական բանկը ավելի երկար պահի իրականացվող ընդլայնող դրամավարկային քաղաքականության դիրքը՝ նպաստելով տոկոսադրույքների մակարդակի հետագա իջեցմանը և հետևապես նաև վարկավորման ծավալների ավելացմանը:

Հայտնի է, որ Կենտրոնական բանկը եռամսյակային պարբերականությամբ հրապարակում է գնաճի հաշվետվություն փաստաթուղթը: Ի՞նչ նպատակ է այն հետապնդում և ի՞նչ տնտեսական ցուցանիշներ են ներկայացվում փաստաթղթում:

Դրամավարկային քաղաքականության ծրագիրը կամ գնաճի հաշվետվությունը Կենտրոնական բանկի գործունեությունը ներկայացնող հիմնական փաստաթուղթն է, որը նաև հասարակության հետ հաղորդակցման գլխավոր միջոց է հանդիսանում: Այս փաստաթղթի հիմնական նպատակն է բիզնեսի ներկայացուցիչներին, ֆինանսական շուկայի մասնակիցներին և հասարակությանը տեղեկատվություն տրամադրել այն մասին, թե ինչպես է Կենտրոնական բանկը տեսնում գնաճի զարգացումները առաջիկա 36 ամիսների կտրվածքով և համապատասխան ինչ քաղաքականություն պետք է իրականացնի, որպեսզի կարողանա ապահովել ԿԲ հիմնական նպատակներից մեկը՝ գների կայունությունը:

Կենտրոնական բանկը գնաճի զարգացումների վերաբերյալ կանխատեսումները ներկայացնում է գնաճի կանխատեսման հավանականությունների բաշխման միջոցով: Բնականաբար, դիտարկվում և գնահատվում է տնտեսական ցուցանիշների լայն խումբ գնաճի ապագա զարգացումները ճշգրիտ կանխատեսելու նպատակով: Դրանց թվում են տնտեսական աճի ապագա զարգացումները, մեր գործընկեր երկրների տնտեսությունների ապագա կանխատեսվող զարգացումները, հարկաբյուջետային քաղաքականության հետագա դիրքը, երկրի վճարային հաշվեկշռի տարատեսակ ցուցանիշներ և այլն:

Որպես օրինակ կարող եմ ներկայացնել տնտեսական աճի կամ ՀՆԱ-ի կանխատեսումները, որոնց համար առանձնացնում ենք կարճաժամկետ և միջնաժամկետ հատվածներ: Կարճաժամկետ՝ մինչև մեկ տարի ժամկետով ՀՆԱ-ի կանխատեսումները հիմնված են գլխավորապես ներկա իրավիճակի, ընթացիկ զարգացումների և, ըստ էության, մոտակա մեկ տարվա կտրվածքով ապագային նայող որոշակի տեղեկատվության վրա: Գաղտնիք չէ, որ մեր տնտեսությունում այժմ անորոշությունների մեծ մասնաբաժին կա՝ կապված հանքարդյունաբերության ոլորտի ապագա զարգացումների, գյուղատնտեսության ոլորտում առկա որոշակի վիճակագրական և ներճյուղային խնդիրների հետ: Մեր կանխատեսումներում, բնականաբար, հաշվի ենք առնում նաև այս անորոշություններ:

ՀՆԱ-ի երկարաժամկետ՝ 2-3 տարվա կանխատեսումները, որոնք հիմնականում արտացոլում են տնտեսության ներուժային մակարդակը, հիմնված են ներկա և ապագա կապիտալի, աշխատուժի, տեխնոլոգիաների ցուցանիշների վրա: Այստեղ ևս այսօրվա տեղեկատվությամբ ենք փորձում գնահատել այն ներուժային մակարդակը, որը մի քանի տարի հետո կարող է լինել: Իրականացվում է ընթացիկ մշտադիտարկում, թե ինչ տեսակի ներդրումներ, տեխնոլոգիական ինչպիսի նորարարություններ, աշխատուժի մասնագիտացման ինչ մակարդակի փոփոխություններ կարող են տեղի ունենալ տնտեսությունում կամ տնտեսության կառուցվածքի ինչպիսի փոփոխություններ կարող են ապագայում տեղի ունենալ:

ՀՆԱ-ի և տնտեսական այլ ցուցանիշների վերաբերյալ դատողություններն իրականացնելիս մենք պարտավոր ենք ցուցաբերել պահպանողական, պրագմատիկ մոտեցում, այսինքն՝ զերծ մնալ լավատեսական կամ վատատեսական գնահատականներից, որպեսզի կարողանանք ավելի ճշգրիտ կառուցել մեր քաղաքականությունը՝ հասնելով կայունության այն ցուցանիշներին, որոնք կենտրոնական բանկի համար հանդես են գալիս որպես հիմնական նպատակ:

Այս առումով կարևոր է, թե ինչու ենք ընտրել հաշվետվության ներկայացման եռամսյակային պարբերականությունը: Ժամանակի ընթացքում մշտապես հրապարակվում է նոր տեղեկատվություն, որի պատճառով մենք պետք է մշտապես որոշակի ճշգրտումներ իրականացնենք մեր կանխատեսումների, և անհրաժեշտության դեպքում նաև դրամավարկային քաղաքականության հետագա ուղղությունների առումով:

Ամփոփելով՝ նշեմ, որ հաշվետվության հիմնական նպատակն է տալ գնաճային զարգացումների այն հիմնական սցենարը, որին համապատասխան Կենտրոնական բանկը պետք է արձագանքի իր դրամավարկային քաղաքականությամբ:

Վերջերս հրապարակվեց այս տարվա վերջին եռամսյակի գնաճի հաշվետվությունը: Ի՞նչ հիմնական ուղերձ է այն պարունակում:

Այսօր, ըստ էության, մենք ունենք գնաճի այնպիսի ցուցանիշներ, որոնք մեր կանխատեսումներից ցածր են: Մեր ապագա ենթադրություններն ու կանխատեսումները հետևյալն են. գնաճային ցածր միջավայրը մոտական ամիսներին պահպանվելու է և միջնաժամկետ հատվածում արդեն կկայունանա իր նպատակի՝ 4 տոկոսի շուրջ: Սա թույլ է տալու, որ Կենտրոնական բանկը ավելի երկար պահի իրականացվող ընդլայնող դրամավարկային քաղաքականության դիրքը՝ նպաստելով տոկոսադրույքների մակարդակի հետագա իջեցմանը և հետևապես նաև վարկավորման ծավալների ավելացմանը: Հիշեցնեմ, որ արդեն երկար ժամանակ է, որ Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահում է բավական ցածր՝ 6 տոկոս մակարդակի վրա

Հաշվի առնելով մեր երկրի անցած ուղին և գործող ներկան, կարո՞ղ եք ներկայացնել Հայաստանի տնտեսության ապագայի վերաբերյալ Կենտրոնական բանկի տեսլականը:

2014թ. դեկտեմբերին, երբ խոշորացույցով հնարավոր չէր գտնել որևէ մեկին, ով կհավատար, որ մեր երկիրը, տնտեսությունը և, հատկապես, ֆինանսական համակարգը նորից կվերադառնան իրենց կայուն մակարդակին, կենտրոնական բանկը, հավատալով իր ուժերին, համապատասխան գործառույթներ իրականացրեց, և մենք տեսանք, թե ինչպես վերականգնվեց այդ կայունությունը: Նույնը տեղի ունեցավ նաև 2018թ. ապրիլ-մայիսի ամիսներին: Ներքաղաքական զարգացումների ողջ ընթացքում կենտրոնական բանկը հավատաց իր ուժերին և իրականացրեց բոլոր այն գործողությունները, որոնք թույլ տվեցին պահպանել մեր երկրի ֆինանսական կայունությունը և տնտեսական զարգացումները: Կենտրոնական բանկը հավատում և վստահեցնում է, որ մշտապես կանի ամեն ինչ, որպեսզի մեր երկրում ապահովվեն և ֆինանսական, և գների կայունությունը:

 

Լրահոս
Հայաստանի նախագահն ու Վրաստանի վարչապետը մտքեր են փոխանակել հայ- վրացական հարաբերությունների ներկա օրակարգի շուրջ Զեյնալյանն այցելել է Նաիրի Հունանյանին Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի գործով վերաքննիչը մերժել է հայցվոր կողմի միջնորդությունը Հայաստանն ու Ռուսաստանը ՀՀ-ում գործող կենսալաբորատորիաների աշխատանքի թափանցիկությունը երաշխավորող փաստաթուղթ են նախապատրաստում Բոլոր ՔԿՀ-ներում ներդրվել է դատապարտյալների համար տեսակապի հնարավորություն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փըլոնի հետ Փաշինյանը նոր խորհրդական է նշանակել Թուրքիան մտադիր է ԱՄՆ-ից ավելի քան 100 F-35 կործանիչ գնել Բակո Սահակյանն Արցախի ԱԻՆ պետական ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն Լևոն Մնացականյանին Արցախում զինծառայող է վիրավորվել ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց Այս տարի պետական կայքերի վրա հաքերային հարձակումները կտրուկ աճել են. ԱԱԾ Էջմիածնում Կաթողիկոսի հրաժարականը պահանջողների և քաղաքացիների միջև ընդհարում է տեղի ունեցել Փարիզում բախումներ են «դեղին բաճկոնավորներ»-ի և ոստիկանության միջև Արթուր Բաղդասարյանը հեռանում է ակտիվ քաղաքականությունից. ՕԵԿ-ն ունի նոր նախագահ Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ «Դեղին բաճկոնավորները» պատրաստվում են նոր ցույցեր անցկացնել Ֆրանսիայի ողջ տարածքում ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. Վարդենյաց լեռնանցքը փակ է «Հրապարակ». Փաշինյանի խորհրդականը սոցցանցերում զբաղված է տնտեսական քաղաքականության ակտիվ քարոզով «Ժամանակ». Ամանորյա տոներից հետո Հայաստանը կարող է բախվել լուրջ ֆինանսական խնդիրների «Ժողովուրդ». Նախաքննական մարմինն արդեն հայտնաբերել է քրեական գործով հետախուզվողին «Հրապարակ». Շիրակում Նազելի Բաղդասարյանը ավելի շատ քվե է հավաքել, քան նախկին քաղաքապետը «Փաստ». Ինչպե՞ս կառավարությունում պահել «դուխով»–ը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 15 Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ Տիգրան Սարգսյանը ԵՏՀ- ի համար կարեւորում է գործարար համայնքում թվային տեխնոլոգիաների օգտագործման առավելությունները Լևոն Մնացականյան. Ձեր գործողություններում եղեք ներդաշնակ, փոխըմբռնող Հռոմում անցկացվեց «Հայոց ցեղասպանության հիշողություն և ցեղասպանությունների կանխարգելում» խորագրով համաժողովը Գեղամ Գևորգյանը փոքր և միջին ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ոլորտում առկա խնդիրները և զարգացման ուղիները «Իմ բիզնեսը, Իմ բանկը»․ գործընկերության իրական ձևաչափ Դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպել է Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարար Մարթա Նովակովայի հետ Էրդողանը հայտարարել է, որ անկախ ԱՄՆ-ի կոչերից, Թուրքիայի ԶՈՒ-ն մտնելու է Մանբիջ 2019թ.- ը նոր ազդակ կհաղորդի Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. Ալիև Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն ստացել են Վերաքննիչ դատարանի որոշումը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր առաջնահերթությունը. Նիկոլ Փաշինյան Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանի Ղազախի և Աղստևի հատվածում ԶՈՒ-ն կփոխարինի սահմանապահներով Ես և Պուտինը Սերժ Սարգսյանին առաջարկեցինք հանձնել 5 շրջանները, բայց նա մերժեց. Ալեքսանդր Լուկաշենկո Արմեն Գևորգյանը չկալանավորվեց Կանադայում ստացել են տարբեր քաղաքներում պայթուցիկների տեղադրման մասին նամակներ Թերեզա Մեյը լքել է ԵՄ-ի՝ Բրյուսելում ընթացող գագաթնաժողովը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan