ՀՀ վարչապետի մամուլի խոսնակի հայտարարությունն անհանգստություն է առաջացնում. Մարիա Զախարովա

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակի հայտարարությունն անհանգստություն է առաջացնում. Մարիա Զախարովա

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am:  «Ուշակովի մեկնաբանությունը կարիք չունի վերահաստատման։ Իսկ Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակի հայտարարությունը անհանգստություն է առաջացնում ինչպես իր բովանդակությամբ, այնպես էլ ձևով»,- այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ապատեղեկատվություն չէ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի հայտարարությունը, որ հայկական կողմն է դիմել ՌԴ-ին ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգելու համար։

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը երեկ հայտարարել էր, որ ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպումը դեկտեմբերի 6-ին չի կայանալու, քանի որ Հայաստանն է դրա համար դիմել։

Ավելի ուշ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանն արձագանքել էր՝ ասելով. «Հայաստանը հանդես չի եկել ՀԱՊԿ-ի դեկտեմբերի 6-ի գագաթնաժողովը հետաձգելու առաջարկով»։

Այսօր էլ քարոզարշավի ընթացքում լրագրողների խնդրանքով անդրադառնալով Ուշակովի հայտարարությանը, թե ՀԱՊԿ գագաթաժողովը հետաձգվել է Հայաստանի խնդրանքով, Փաշինյանն արձագանքել էր. «Արման Եղոյանն էլ ասել է, որ Հայաստանը ոչ մեկին ոչ մի խնդրանքով չի դիմել, ամեն ինչ եղել է այնպես, ինչպես ես պատմել եմ լրագրողներին Արենի գյուղում։ Հայաստանը ոչ մի խնդրանքով ոչ մեկի չի դիմել։ Մենք ասել ենք, որ ունենք մեր թեկնածուն, և մենք հետևողականորեն շարունակում ենք բանակցել մեր թեկնածուի շուրջ»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում