Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանի օրենսդրական նախաձեռնությունների փաթեթին

Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանի օրենսդրական նախաձեռնությունների փաթեթին

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու և «Կառավարության կազմի ու գործունեության մասին ՀՀ օրենք»-ում լրացումներ կատարելու մասին ՀՀ ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանի օրենսդրական նախաձեռնությունների փաթեթին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այսպիսի որոշում կայացվեց ՀՀ կառավարության դեկտեմբերի 9-ի հերթական նիստի ընթացքում:

«Ազգային ժողովի պատգամավոր Խոսրով Հարությունյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկվում է նախընտրական փուլում ԿԸՀ-ին պարտավորեցնել իր կայքում հրապարակել կառավարության պլանավորվող ցանկը, եթե ընտրություններին մասնակցող կուսակցությունը կամ դաշինքը նման ցանկ կներկայացնի, մյուս առաջարկությունը հետևյալն է, որ վարչապետը կառավարության անդամներ նշանակի պատգամավորների ցանկից: Առաջարկում ենք չընդունել փոփոխությունների առաջարկը, քանի որ մասնակցող կուսակցությունների ծրագիրը որևէ ձևով կանոնակարգված չի, և իրենք կարող են այն հրապարակել ցանկության դեպքում, ուստի անիմաստ է ԿԸՀ-ի վրա դնել պարտականություն նաև կայքում հրապարակելու համար: Իսկ երկրորդ մասի վերաբերյալ՝ կարծում ենք այստեղ Սահմանադրության հետ հակասություններ կան. Սահմանադրության 148-րդ ու 150-րդ հոդվածը լայն հնարավորություն է տալիս վարչապետին կառավարության անդամներ նշանակելու համար»,- ասաց արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում