Հարցումների համաձայն՝ քաղաքացիների մեծ մասը նախընտրական քարոզարշավի մասին տեղեկանում է հեռուստացույցի միջոցով

Հարցումների համաձայն՝ քաղաքացիների մեծ մասը նախընտրական քարոզարշավի մասին տեղեկանում է հեռուստացույցի միջոցով

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում անցկացված վերջին հարցումների համաձայն՝ հարցվածների 66.8 տոկոսը հետևում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների կողմից իրականացվող քարոզարշավին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը` ներկայացնելով դեկտեմբերի 1-ից 4-ը անցկացված «Նախընտրական ճեպընթաց՝ Վերջին կանգառ» խորագրով հարցումների արդյունքները:

Նա նշեց, որ հարցումներին մասնակցած քաղաքացիների 76.9 տոկոսը քարոզարշավին հետևել է հեռուստացույցի միջոցով, 22.3 տոկոսը բակերում և համայնքներում իրականացվող հավաքների միջոցով, 18.5 տոկոսն էլ ուղիղ եթերների միջոցով:

«Հարցվածների 17.1 տոկոսը քարոզարշավին հանդիպել է բուկլետների միջոցով, 8.8 տոկոսը էլեկտրոնային ԶԼՄ-ների, 8.0 տոկոսն էլ թեկնածուների «Ֆեյսբուք»-ի էջերի շնորհիվ»,- ասաց Նավասարդյանը՝ հավելելով, որ քաղաքացիների 3.3 տոկոսը քարոզարշավին հանդիպել է ռադիոյի, 1.2 տոկոսն էլ՝ տպագիր մամուլի միջոցով:

Հարցված քաղաքացիների մեծ մասը՝ 85.6 տոկոսը՝ ամենահաճախը հանդիպել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի քարոզարշավին, 3.9 տոկոսն էլ նախընտրական շրջանում հանդիպել է «Ազգային Առաջընթաց» կուսակցության քարոզարշավին:

Հարցումներն անցկացվել են դեմ առ դեմ սկզբունքով` 1100 հոգու միջև: Հետազոտության ընթացքում կիրառվել է բազմաստիճան, քվոտային ընտրանք: Ընտրանքի առաջնային միավորները` բնակավայրերը, ընտրվել են ՀՀ բոլոր վարչական-տարածքային միավորներից` համամասնորեն: Հարցազրույցներն իրականացվել են Հայաստանի 10 մարզերում և Երևանի բոլոր վարչական շրջաններում` ՀՀ բնակչության բաշխմանը համամասնորեն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում