Վիգեն Սարգսյան և Արփինե Հովհաննիսյան. Մենք անկեղծորեն զղջում ենք

Վիգեն Սարգսյան և Արփինե Հովհաննիսյան. Մենք անկեղծորեն զղջում ենք

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանն ու նրան հաջորդող Արփինե Հովհաննիսյանը տարածել են համատեղ հայտարարություն, որտեղ ասված է.

«Հարգելի՛ քաղաքացի,

Դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն են: Մենք` Ձեզ հետ միասին, սթափ գիտակցում ենք, որ այս ընտրություններում իշխանության հարցը կանխորոշված է:

Սակայն, թե որքանո՞վ արդյունավետ կլինի նոր կառավարության և օրենսդիր մարմնի գործունեությունը, մեծապես կախված կլինի նրանից, թե ինչպիսի ընդդիմություն կլինի խորհրդարանում: Կլինի իրական, սկզբունքային և փորձառու ընդդիմությո՞ւն, թե՞ պատեհապաշտ և գործարքների պատրաստ ձևական ընդդիմություն:

Հանրապետականը, անշուշտ, ունեցել է սխալների ու բացթողումների իր բաժինը, ինչի համար մենք անկեղծորեն զղջում ենք։ Սակայն, ունենալով պետական կառավարման մեծ փորձ և խոր գիտելիքներ, ՀՀԿ-ն ունակ է տեսնելու կառավարողների թույլ տված սխալները և քողարկված նպատակները, խորհրդարանում լինելու իշխանական մեծամասնությանը հակակշռող և զսպող ուժ:

Իշխանության կարճ ժամանակահատվածում Փաշինյանի կառավարությունն արդեն հասցրել է արտաքին և ներքին քաղաքականության ոլորտներում թույլ տալ Հայաստանի և Արցախի համար լուրջ վտանգ ներկայացնող բազմաթիվ սխալներ:

Ժողովրդից թաքուն քննարկվում են այնպիսի ծրագրեր, որոնց կյանքի կոչելը էապես կծանրացնի մարդկանց առանց այդ էլ ոչ բարվոք վիճակը: Դրանց թվին են պատկանում եկամուտների համատարած հայտարարագրումը, արտագնա աշխատանքի մեկնածների կողմից իրենց ընտանիքներին ուղարկվող գումարների հարկումը, օպտիմալացման պատրվակի տակ տասնյակ հազարավոր պետական ծառայողների, մոտ ապագայում՝ նաև բուժաշխատողների և ուսուցիչների աշխատատեղերի կրճատումը և այլն:

Այդ ծրագրերի բացահայտումը և հանրությանը ներկայացնելը հնարավոր դարձավ հենց հանրապետականների շնորհիվ: Հետագայում ևս մենք պատրաստ ենք մեր ուժերը ծառայեցնելու Ձեզ և մեր հայրենիքին՝ լինի դա խորհրդարանում, թե նրանից դուրս:

Մենք ընտրությունների ենք գնում մտահոգ երկրի ապագայով և համոզված ենք, որ դուք էլ, մտահոգ լինելով Ձեր ընտանիքների բարեկեցությամբ և երեխաների ապագայով, երկրի անվտանգությամբ և զարգացման հեռանկարով, դեկտեմբերի 9–ին Ձեր ընտրությունը կկատարեք առանց ավելորդ հուզականության, սթափ բանականությամբ:

Դեկտեմբերի 9-ին մեր երկրի ապագայի ընտրությունն է։ Մի՛ վախեցեք։ Ձեր ձայնը վճռորոշ է»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում