Տիգրան Աբրահամյան. Աչքի լույսի պես պետք է պահենք մեր սպաներին, ամենածանր բեռը նրանց ուսերին է

Տիգրան Աբրահամյան. Աչքի լույսի պես պետք է պահենք մեր սպաներին, ամենածանր բեռը նրանց ուսերին է

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Panorama.am-ի զրուցակիցը Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանն է:

-Պարոն Աբրահամյան, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ։ Նրանք հույս են հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև ինտենսիվ, արդյունքների ուղղված, բարձր մակարդակի երկխոսությունը կնպաստի մոտ ապագայում հակամարտության արդարացի և հարատև կարգավորմանը: Ավելին՝ կոչ են արել կողմերին ժողովուրդներին պատրաստել խաղաղության: Արդյոք բանակցություններում նո՞ր շունչ եք նկատում, նոր գործընթացնե՞ր կան:

-Ժողովուրդներին խաղաղության, այլ ոչ թե պատերազմի նախապատրաստելու մասին համանախագահները առաջին անգամ չեն հնչեցնում: Համանախագահ երկրների ղեկավարների՝ ամենամյա համատեղ հայտարարությունում մշտապես դրա մասին կոչեր հնչեցվել են:

Ադրբեջանում պետական մակարդակով հասարակության մեջ թշնամություն սերմանելու մշտական պրոցես է, իսկ այդ պարագայում խոսել խաղաղության մասին, ուղղակի անհնար է: Դա է պատճառը, որ միջնորդների կողմից այս ուղերձը մշտապես հնչեցվում է:
Ինչ վերաբերվում է հայտարարության՝ «մոտ ապագայում հակամարտության արդարացի և հարատև կարգավորում» ձևակերպմանը, ապա մի փոքր անհասկանալի է, թե առկա իրավիճակում ինչն է համանախագահների դրդել նման լավատեսական մեկնաբանությունների:

Տեղեկատվություն հնչեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները բավականին երկար խոսել են, բանակցել:

-Անկեղծ ասած մանրամասների չեմ տիրապետում, ես մեկնաբանում են այն, ինչն իմ իրավասությունների շրջանակներում է: Ամեն դեպքում Արցախում բանակցությունների նոր շունչ չեն նկատում, նոր գործընթացներ տեսանելի չեն:

-Գանք ներհայաստանյան իրադարձություններին: Հետևո՞ւմ եք քարոզարշավի ընթացքին, ինչպե՞ս եք գնահատում:

-Քարոզարշավին գրեթե չեմ հետևում, մի փոքր աչքի եմ անցկացրել քարոզարշավին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի՝ զինված ուժերին վերաբերող դրույթները:

-Ունե՞ք գնահատականներ:

-Օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, զինված ուժերին, նրա զարկերակին քչերն են տիրապետում:

Պետք է խորը ուսումնասիրել և հստակ հասկանալ, որոնք են զինված ուժերի հիմնական մարտահրավերները, որոնք են առաջնահերթությունները, ունենալ ժամանակացույց՝ հնարավորինս արագ ու էֆեկտիվ հասնելու նախօրոք սահմանված բարձր նշաձողին:

Աչքի լույսի պես պետք է պահենք մեր սպաներին, ամենածանր բեռը նրանց ուսերին է: Իրենց ծառայությամբ նրանք երբեք մեզ չեն հիասթափեցրել, մնում է մենք էլ որպես հասարակություն, որպես պետություն արժանին մատուցենք նրանց՝ մշտական ուշադրությամբ, նրանց համար նախատեսված հատուկ ծրագրերով արժանապատիվ կյանք ապահովենք սպայական ընտանիքների համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում