ԱԺ ընտրությունների քվեարկության օրը գրանցված իրավախախտումները կրկնակի նվազել են

ԱԺ ընտրությունների քվեարկության օրը գրանցված իրավախախտումները կրկնակի նվազել են

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացող արտահերթ խորհրդարանական ընտրություններն, ըստ էության, անցնում են խաղաղ, հիմնականում օրենքով սահմանված ընթացակարգերի պահպանմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում այս մասին նշեց Արարատի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սևակ Հովհաննիսյանը՝ ներկայացնելով մինչ քվեարկության օրը, ինչպես նաև այդ պահի դրությամբ Հայաստանի կտրվածքով ստացված դիմումների, հաղորդումների, ԶԼՄ հրապարակումների և դրանց քննարկման արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը: Նրա խոսքով` ի տարբերություն 2017 թվականի ապրիլի 2-ին անցկացված համապետական ընտրությունների, որի ընթացքում ժամը 15:00-ի դրությամբ գրանցվել են 131 ընտրական իրավախախտման վերաբերյալ նախապատրաստվող նյութեր, այս ընտրությունների ժամանակ դրանք ընդամենը 65-ն են, որից 32-ն են, որոնց վարույթն իրականացվում է Քրեական դատավարության օրենսգրքի հոդվածներով:

«Իրավախախտումների առումով մենք ևս անհամեմատ տարբերություններ ունենք նախորդ համապետական ընտրությունների համեմատ»,– ընդգծեց դատախազը:

Հովհաննիսյանի խոսքով` մինչև դեկտեմբերի 8-ը ներառյալ, ՀՀ դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրած բազմաթիվ հրապարակումներից առանձնացրել է 87-ը, որից 49-ը վերաբերվել են ԶԼՄ միջոցներով ընտրական իրավախախտումների վերաբերյալ հրապարակումներին, մնացածը՝ քաղաքացիների կողմից ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ ներկայացված ահազանգեր են, մեկ գրություն էլ ՀՀ գլխավոր դատախազին է հասցեագրվել ԿԸՀ նախագահի կողմից: «Նշված 87 ահազանգերից և հաղորդումներից 19-ով, ըստ էության, նախապատրաստվում են նյութեր»,– ասաց նա՝ հավելելով, որ կա հարուցված մեկ քրեական գործ և ձերբակալված:

Ներկայացնելով քվեարկության օրվա հետ կապված տվյալները, Սևակ Հովհաննիսյանը նշեց, որ 65 հրապարակումներում էին պարունակում ընտրախախտումների հետ կապված առերևույթ գործողություններ: «65-ից 32-ը վերաբերվում էին այն դեպքերին, որոնց մեջ կային որոշակի հատկանիշներ և այդ կապակցությամբ քրեական դատավարության օրենսգրքի 140 և 181-րդ հոդվածներով նախապատրաստվում են նյութեր: 32-ից 27-ը վերաբերվել են, ըստ էության, 1-ից ավելի անգամ, կամ այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքերին, իսկ 4-ը՝ քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականցմանը խոչընդոտելուն»,- հայտնեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում