Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների առիթով

Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների առիթով

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների առիթով, որում, մասնավորապես ասված է.

«Հայրենի մեր երկրում տարվույս դեկտեմբեր 9-ին տեղի ունեցան ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ՝ դառնալով կարևոր հանգրվան Հայաստանում վերջին ամիսներին ընթացող ներքաղաքական զարգացումների:

Մեր օրհնությունն ենք բերում սիրեցյալ մեր ժողովրդին, ինչպես և կուսակցություններին, որ ապագայի հանդեպ պատասխանատվության գիտակցումով մասնակցություն բերեցին խորհրդարանական ընտրություններին: Մեր շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն ենք հղում «Իմ քայլը» դաշինքին, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններին, որոնք արժանացան մեր ժողովրդի վստահությանը՝ պատասխանատվություն ստանձնելով մեր երկրի ապագայի համար: Աղոթում ենք, որ Տերը հաջողություններ պարգևի նորընտիր խորհրդարանի աշխատանքներին՝ հանուն մեր Հայրենիքի առավել զորացման և բարօր ապագայի կերտման:

Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին, ինչպես միշտ, իր ջանքերն է բերելու ի խնդիր մեր պետականության ամրապնդման, ազգային համերաշխության զորացման և ներքին ու արտաքին մարտահրավերների հաղթահարման:

Տիրոջ շնորհը, սերը և ողորմությունը թող լինի մեր ժողովրդի հետ ի Հայաստան և ի Սփյուռս այժմ և միշտ և հավիտյանս ամեն»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում