Բոլոր ՔԿՀ-ներում ներդրվել է դատապարտյալների համար տեսակապի հնարավորություն

Բոլոր ՔԿՀ-ներում ներդրվել է դատապարտյալների համար տեսակապի հնարավորություն

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մերձավոր ազգականների հետ կարճատև տեսակցության հնարավորություն չունեցող, ինչպես նաև օտարերկյա քաղաքացիներ հանդիսացող դատապարտյալների համար տեսակցությունը ապահովելու նպատակով ներդրվել է տեսակապի հնարավորություն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Արդարադատության նախարարության 2018 թվականի մայիս-նոյեմբեր ամիսների աշխատանքների ամփոփմանը նվիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը:

«Բոլոր քրեակատարողական հիմնարկները հագեցած են այդպիսի հնարավորություններով: Նաև իմ կողմից տրվել է հանձնարարական, որ հնարավորության դեպքում, եթե բոլորը ամսեկան առնվազն մեկ տեսակապի հնարավորությունը ստացել են, ապա այդ տեսակապը, այսպես ասած, պարապ չմնա և դատապարտյալներին տրվի լրացուցիչ կապվելու հնարավորություն: Բացի այդ, կրկնապատկվել է ցմահ և առանձնապես ծանր դատապարտվածների երկարատև տեսակցության հնարավորությունը: Հանձնարարականներ եմ տվել, որ այդ սենյակները պարապուրդի չմատնվեն` եթե բոլորը սպառել են տեսակցության նվազագույն հնարավորությունը, ապա տրվի լրացուցիչ հանդիպման հնարավորություն: Նաև որպես խրախուսական միջոց դատապարտյալներին այդպիսի հնարավորություն ընձեռվի»,- ասաց Զեյնալյանը:

Նրա խոսքով` նախարարությունը Մարդու իրավունքների համագործակցության արդյունքում բացառել է քրեակատարողական քրեական վարույթ իրականացնող մարմնի կողմից անձին իր մերձավոր ազգականների և օրինական ներկայացուցիչների հետ առանց հիմնավոր պատճառաբանությամբ տեսակցություն արգելելու պրակտիկան:

Նախարարը հավելեց նաև, որ կալանավորված քաղաքացիները իրավունք ունեն ազատազրկման վայրերում գտնվելիս ստանալ անձը հաստատող փաստաթուղթ, ինչը նախկինում չկար:

«Սա հնարավորություն է տալիս իրենց իրացնելու քաղաքացիական իրավունքները նաև քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրելու ընթացքում»,- ասաց Զեյնալյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում