«168 Ժամ». Ինչ է առաջարկվելու կողմերին և ինչ է դրվելու բանակցային սեղանին

«168 Ժամ». Ինչ է առաջարկվելու կողմերին և ինչ է դրվելու բանակցային սեղանին

«168 Ժամ» թերթի հետ զրույցում գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ հետընտրական զարգացումներին, ասել է. «Ակնհայտ է, որ Դուշանբեի՝ սահմանի կայունացմանն ուղղված պայմանավորվածությունը կայացավ և պահպանվեց այն համաձայնության դիմաց, որ ընտրություններից հետո իշխանությունները կարողանալու են էլ ավելի ինտենսիվ ու առարկայական աշխատել ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ։ Կարևոր է այս փուլի համար, որ երկու կողմն էլ զսպվածություն է ցուցաբերում իր գնահատականներում, ինչը, չի բացառվում, որ այն պատճառով է, որ կողմերը դեռ ծանոթ չեն միմյանց իրական մտադրություններին կամ ակնկալիքներին։ Պատահական չէ, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկեն հենց այս օրերին է բարձրաձայնում նախկին պայմանավորվածությունների մասին, դրանք առաջին հայացքից են միայն նախկին։ Սա նշանակում է, որ այս առաջարկները դեռ սպառված չեն, և փորձեր կարվեն հենց դրանք դնել բանակցային սեղանին»:

Մեկ այլ փորձագետի՝ Սյուզան Ստյուարտի խոսքով, այդ գաղտնազերծումներն ամենևին էլ աննպատակ չեն, նման ծրագրեր եղել են ու կան բանակցային սեղանին և, ամենայն հավանականությամբ, առաջիկայում կառաջարկվեն կողմերին:

Ըստ նրա՝ ամենևին էլ զարմանալի չէ, որ կան կարգավորման առանձին փաթեթներ, որի մասին շատ հաճախակի է խոսել ադրբեջանական կողմը՝ ցանկանալով բանակցությունները տեղափոխել Ռուսաստանի վերահսկողության տակ, դժգոհ լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբից։ Ստյուարտի ենթադրություններով՝ դժվար չէ կանխատեսել, թե ինչու է Ադրբեջանը ցանկանում այս ծրագիրը, և ոչ թե՝ գործընթացը ՄԽ հովանու ներքո։

«ՄԽ գործընթացով, ամենայն հավանականությամբ, ավելի հավասարակշռված լուծումներ են ներառված, քան կարգավորման առանձին փաթեթում։ Ամենաուշագրավն այս ամենում այն է, թե ինչպես է այս ակնկալիքներին պատասխանելու ՀՀ նոր իշխանությունը, ինչպիսի մարտավարություն է որդեգրելու բանակցային նման գործընթացում»,- ասել է նա։

Փորձագետների հետ զրույցի մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում